Միջազգային

Մոսուլը գրավելուց հետո քրդերը ձգտելու են անկախության

Իրաքյան Քրդստանի ինքնավար շրջանի կառավարության ղեկավար Նեչիրվան Բարզանին հայտարարել է, որ Մոսուլը ահաբեկիչներից  կազատագրվի երեք ամսից ոչ ուշ։ «Մենք կարողացել ենք արագ հետ գրավել Մոսուլի շրջակայքը, հայտնի չէ, թե ինչպես «Իսլամական պետությունը» կպաշտպանվի քաղաքում։ Նրանք ունեն հարյուրավոր մահապարտներ, ամենայն հավանականությամբ, քաղաքում արտադրվում է պայթուցիկ, ինչը հարձակման դեպքում մեծ վտանգ կստեղծի»,- ասել է Բարզանին։

Նա նաև նշել է, որ Մոսուլի ազատագրումից հետո Իրաքյան Քրդստանը կձգտի անկախության: «Մոսուլի ազատագրումից հետո մենք կհանդիպենք Բաղդադի գործընկերների հետ և կքննարկենք մեր անկախության հարցը: Մենք շատ երկար ենք սպասել դրան»,- ասել է քաղաքական գործիչը:

Իսկ ՄԱԿ-ը հայտարարել է, որ արժանահավատ տեղեկություններ ունի, որոնք հաստատում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ջիհադիստների կողմից Իրաքի Մոսուլ քաղաքում տասնյակ հազարավոր մարդկանց գերեվարման փաստը:

Մոսուլը Իրաքի վերջին խոշոր քաղաքն է, որը դեռևս ԻՊ վերահսկողության տակ է: Ամենայն հավանականությամբ, զինյալները մտադիր են Իրաքի զինուժի կողմից հարձակման դեպքում խաղաղ բնակչությանն օգտագործել որպես կենդանի վահան:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 17-ին Իրաքի իշխանությունները հայտարարեցին Մոսուլը ԻՊ-ից ազատագրելու գործողություն սկսելու մասին և արդեն իսկ ահաբեկչական խմբավորումից հետ են գրավել քաղաքին մերձակա տասնյակ բնակավայրեր: Հաղորդվում է նաև խաղաղ բնակիչների նկատմամբ զանգվածային հաշվեհարդարի մասին:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով, ԻՊ զինյալները սպանել են 232 խաղաղ բնակչի՝ ներառյալ Իրաքի անվտանգության ծառայության 190 նախկին աշխատակիցների, ովքեր հրաժարվել են միանալ ջիհադիստներին:

Back to top button