

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում մեկնարկել է «Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողովը, որն այս տարի նվիրվում է անվանի գիտնական, նարեկացիագետ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հրաչյա Թամրազյանի հիշատակին: Զեկուցումներով հանդես են եկել նարեկացիագիտության լավագույն մասնագետները՝ Մխիթարյան միաբանությունում պապական պատվիրակ Հայր Լևոն Արք. Զեքիյանը, Ուկրաինայում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Մոնսենյոր Կլաուդիո Գուջերոտտին, ֆրանսիացի նշանավոր հայագետ, բանասեր և պատմաբան Ժան-Պիեր Մահեն, Օքսֆորդի համալսարանի Գալուստ Գյուլբենկյանի անվան հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Թեո Մաարտըն վան Լինտը: Միջոցառման ընթացքում տեղի են ունեցել նաև մի շարք գրքերի շնորհանդեսներ, այդ թվում «Մատյան ողբերգության» ֆրանսերեն և իտալերեն թարգմանությունները: «Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողովն ընդգրկված է «Անկախության Նարեկացին» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն՝ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:
Օքսֆորդի համալսարանի Գալուստ Գյուլբենկյանի անվան հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Թեո Մաարտըն վան Լինտը Նարեկացուն կանդրադառնա իր վաղվա ելույթում: Նա համեմատություն կկատարի Նարեկացու Մատյանի և 18- րդ դարի անգլիացի միստիկ բանաստեղծ Ջոն Դոնի «Ում համար զանգը հնչում է» աղոթագրքի միջև:
«Նարեկի» իտալերեն թարգմանությունը կատարել է Մխիթարյան միաբանությունում պապական պատվիրակ Հայր Լևոն Արք. Զեքիյանը: 2015-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը նրա ջանքերով Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ: Կարևորելով «Մատյան ողբերգության» իտալերեն թարգմանությունը՝ ծրագրի համակարգող Գայանե Մանուկյանը նկատեց, որ «Նարեկն» այն կոթողներից է, որն արժանի է և պետք է հռչակվի համաշխարհային արժեք և իտալերեն թարգմանության լույս ընծայումն այդ ճանապարհին շատ կարևոր քայլ է:
Նարեկացիական ընթերցումների շրջանակներում ներկայացվեցին նաև Հրաչյա Թամրազյանի «Գրիգոր Նարեկացին և Նարեկյան դպրոցը» աշխատության 1-ին և 2-րդ հատորները, ինչպես նաև
Սեյրանուշ Մանուկյանի ու Դավիթ Ղազարյանի «Գրիգոր Նարեկացին հայ ձեռագրական արվեստում» ալբոմ-ուսումնասիրությունը:




