Մշակույթ

«Մանկական եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերան՝ հոկտեմբերի 28-ին

«Տարբեր». «Մանկական եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերան՝ հոկտեմբերի 28-ին

«Մանկական Եվրատեսիլ-2016» մրցույթի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 28-ին՝ ժամը 21:30-ին, Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվականի հիմնական թողարկումից անմիջապես հետո, ինչպես նաև «Մանկական Եվրատեսիլ»-ի յութուբյան պաշտոնական ալիքով:
Այս տարի միջազգային հեղինակավոր մրցույթին Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը կներկայանան «Տարբեր» երգով: Ներկայացված տասնյակ երգերից Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբն ընտրել է Նիկ Եգիբյանի և Ավետ Բարսեղյանի հեղինակած երգը:
Երգի հիմքում երկու պատանի երգչուհիների ոճային տարբերություններն են ու «պայքարը» դրա շուրջ:
«Մանկական եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի 14-րդ անգամ և կկայանա նոյեմբերի 20-ին՝ Մալթայի մայրաքաղաք Վալետայում, որը 2-րդ անգամ է հյուրընկալում մրցույթը:
Ի դեպ, մրցույթի կանոններում այս տարի մի քանի փոփոխություններ են մտցվել: Մրցույթին հնարավորություն ունեն մասնակցելու 9-14 տարեկան երեխաները՝ նախկինում 10-15-ի փոխարեն: Այս տարի հանվել է հեռուստադիտողի քվեարկությունը: Հաղթողին կորոշեն մասնակից երկրների պրոֆեսիոնալ և մանկական ժյուրիները, ինչպես նաև փորձագետների ժյուրիի քվեարկությունը, որի կազմում կլինեն 3 եվրոպացի հայտնի արվեստագետներ: Վերջնականապես փոփոխվել են նաև մրցույթի հեռարձակման ժամերը. եվրատեսիլյան երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու այն ոչ թե գիշերը, այլ երեկոյան:
Մրցույթին այս տարի կմասնակցի 17 երկիր՝ Ալբանիան, Հայաստանը, Ավստրալիան, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը, Վրաստանը, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Մակեդոնիան, Մալթան, Նիդերլանդները, Լեհաստանը, Ռուսաստանը, Սերբիան, Ուկրաինան:
Հանրային հեռուստաընկերությունը մրցույթի պաշտոնական հեռարձակողն է: 
Back to top button