Տնտեսական

Տարբեր երկրների ոսկերիչները Երեւանում քննարկում են խնդիրները եւ ներկայացնում իրենց արտադրանքը (լրացված)

hasmikmartirosyan

Հոկտեմբերի 27-30 <<Մերիդիան>> ցուցահանդեսային կենտրոնում անցկացվում է Junwex Yerevan Show ոսկերչական իրերի եւ ժամացույցների 6-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում է շուրջ 80 ընկերություն 14 երկրից: Ցուցահանդեսը կազմակերպել է Հայ ոսկերիչների համաշխարհային ընկերակցությունը՝ ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո: Yerevan Show ցուցահանդեսն այս տարի ներկայացել է նոր ձեւաչափով եւ անվանումով՝ Junwex Yerevan Show:  Վեցամյա պատմության ընթացքում ընդլայնվել է մասնակիցների  աշխարհագրությունը, եւ, ինչպես վստահեցնում է Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահ Գագիկ Գեւորգյան, այն դարձել է տարածաշրջանային ճյուղային հանրահայտ նախագիծ: Հասմիկ Մարտիրոսյանն է շրջել ցուցահանդեսում:

 

Մեկ շաբաթով Երեւան են ժամանել աշխարհի ոսկերչական արդյունաբերության ղեկավարները, քննարկում են ոլորտի խնդիրները՝ հասկանալով, որ նրանց որոշումները հետագայում կարող են առաջնորդող ու կարգավորող լինել ոսկերչական իրերի արտադրողների համար: Ոսկեգործների համաշխարհային կոնֆեդերացիայի (CIBJO) համաժողովի շրջանակներում այսօր բացվեց Junwex Yerevan Show 6-րդ ցուցահանդեսը, որը նախկին կոչվում էր Երևան շոու: Ինչո՞ւ Junwex, քանի որ դա ռուսական ցուցահանդեսների  ամենամեծ կազմակերպիչն է ՌԴ-ում։ Հայ ոսկերիչների համաշխարհային միության առաջարկությամբ  «Junwex»- ն է կազմակերպել այս տարվա ցուցահանդեսը, <<որը բեկումնային կլինի ոսկերչության ոլորտի զարգացման թե արտահանման եւ թե ներկայացման համար>>,- նշեց միության նախագահ Գագիկ Գեւորգյանը:

Ցուցահանդեսային կենտրոնը տեղակայված է ոսկերչական ազատ տնտեսական գոտու տարածքում, որից օգտվող տնտեսավարողներն օգտվում են հարկային և մաքսային արտոնություններից: Այսօր հանրապետության նախագահը շրջել է  ցուցահանդեսի տաղավարներով, դիտել հայրենական և արտերկրյա ընկերությունների ներկայացրած ոսկերչական իրերը, ոսկերչական արտադրության սարքավորումները, ծանոթացել այդ ընկերությունների գործունեությանն ու հետագա ծրագրերին։ Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահ Գագիկ Գեւորգյանը, ներկայացնելով հայ ոսկերիչների արտադրողական պոտենցիալը, ցավով նշեց, որ ունենք հրաշալի արտադրողներ եւ ոսկյա նմուշներ, որոնք պետք է արտահանել եւ իրացնել, սակայն շուկաներ մուտք գործելու խնդիր կա: Այսօր արդեն համաժողովի շրջանակներում քննարկվում են նոր շուկաներ մուտքի հեռանկարները և նախկիններում աշխատելու նոր, շահավետ տարբերակները:

Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահը կարծում է, որ հատկապես հայ ոսկերիչների համար կան բոլոր հրապուրիչ պայմանները՝ ոլորտը զարգացնելու համար: Գագիկ Գեւորյանը վստահ է, որ այս մեկ շաբաթը շատ կարեւոր է լինելու նաեւ ոսկեգործությունը որպես մասնագիտություն ընտրած երիտասարդ կադրերի համար: Այստեղ գործում է դպրոց, որտեղ կես տարվա ընթացքում երիտասարդները սովորում են ոսկերչի մասնագիտությունն ու աշխատանքի անցնում գործող ֆաբրիկաներում:

Back to top button