

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Երաժշտական ընկերության, ՀՀ կրթության և գիտության նախարարության գեղարվեստական դաստիարակության մշակույթի կենտրոնի հետ համատեղ անցկացվեց ժողովրդական նվագարանների անսամբլների հանրապետական առաջին մրցույթ- փառատոնը: Փառատոնն ընդգրկում է լայն աշխարհագրություն՝ հանրապետության բոլոր մարզերն ու ԼՂ-ը: Փառատոնը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին և անցկացվում հայ երաժշտարվեստի մեծ երախտավոր Թաթուլ Ալթունյանի ծննդյան 115-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում: Փառատոնի 1-ին փուլին մասնակցելու հայտ է ներկայացրել 29 խումբ, որից 2-րդ փուլ են անցել 19-ը:
Ազգային նվագարանները հիշատակվում են դեռևս 4-5-րդ դարերից: Եվ պատահական չէ, որ ազգային նվագարանների անսամբլների հանդեպ ուշադրության շարունակական մեծացումը մեր մշակույթի կրթական քաղաքականության առաջնահերթություններից է: Կառավարության 2006 թվականի որոշմամբ` ժողգործիքների ուսուցումը արվեստի, երաժշտական դպրոցներում իրականացվում է պետպատվերի շրջանակներում, ինչն էլ ավելի է մեծացնում հետաքրքրությունը ժողգործիքների նկատմամբ: Ուստի սովորողների մոտ մրցակցություն անցկացնելու և ուսուցման նոր, ավելի բարձր մակարդակի ձգտելու համար ժամանակն էր կազմակերպել ժողգործիքների անսամբլներ և անցկացնել մրցույթ փառատոն: Վերջապես սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կազմակերպվեց և անցկացվեց ժողովրդական նվագարանների անսամբլների հանրապետական առաջին մրցույթ- փառատոնը:
Փառատոնի 1-ին փուլին մասնակցելու հայտ է ներկայացրել 29 խումբ, որից 2-րդ փուլ են անցել 19-ը, ներկայացնելով փառատոնի անցկացման կարգը`այսօր նշեց կրթության և գիտության նախարարության գեղարվեստական դաստիարակության մշակույթի կենտրոնի տնօրեն, ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը:
Մրցույթից մեծապես տպավորված էր կոմպոզիտոր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ամբիոնի վարիչ, մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամ Արզաս Ոսկանյանը: Նրան հատկապես զարմացրել էր մարզային պատրաստվածությունն ու մասնակցությունը:
Մրցույթ-փառատոնի նպատակն է բացահայտել և խրախուսել այն պատանիներին ու աղջիկներին, ովքեր իրենց կյանքն ուզում են կապել ազգային նվագարանների հետ՝ նկատեց գեղարվեստական դաստիարակության մշակույթի կենտրոնի գեղարվեստական ղեկավար, մրցույթ-փառատոնի աշխատանքները համակարգող Սամվել Բալոյանը:
Այնուամենայնիվ՝ ամփոփելով մրցույթ-փառատոնի արդյունքները՝ Թովմաս Պողոսյանը նկատեց, որ առաջին փորձը հաջողվեց: Նշեց, որ փառատոնը կդառնա ավանդական և կանցկացվի երկու տարին մեկ: Ելույթ կունենան խմբեր, նրանց համար կկազմակերպվեն վարպետության դասեր, խմբավարների մասնագիտական սեմինարներ: Գեղարվեստական դաստիարակության մշակույթի կենտրոնի տնօրենը վստահ է՝ նախագիծը կծառայի իր նպատակին, այն է՝ պահպանել մեր ժողովրդի ազգային նկարագիրը:




