

Արմավիրի մարզում գործող <<Արմենիան Լայթհաուս>> բարեգործական հիմնադրամը մարդասիրական օգնություն է ցուցաբերում կարիքավոր ընտանիքներին և սիրիահայերին: Պատերազմի պատճառով Հայաստան ներգաղթած մեր հայրենակիցների կարիքներն ավելի մեծ են:
<<Արմենիան Լայթ հաուս>> բարեգործական հիմնադրամը <<Հույսի ճրագ>> ծրագրի միջոցով օգնության ձեռք է մեկնել ինչպես Հայաստանում ապրող կարիքավորներին, այնպես էլ Սիրիայից ներգաղթած մեր հայրենակիցներին: Սիրիահայերն այստեղ ունեն իրենց ընդունելության ժամերը: Արմենիան Լայթ հաուս բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Նելլի Մեսրոպյանը նշեց, որ կարիքավորներին տրվում է այն ամենը, ինչն անհրաժեշտ է կենցաղում՝ հագուստ,կոշիկ, անկողին, սպասք և այլն:
<<Հույսի ճրագ>> ծրագրի շրջանակներում 50 ընտանիքի ամեն ամիս ամերիկահայ հովանավորների կողմից տրվում է դրամական օգնություն: <Արմենիան լայթհաուս>> բարեգործական հիմնադրամի գործունեությունը կազմակերպում և տնօրինում է Սեդա Ղազարյանը. <<Ամեն բան կտրվի անվճար, իրավունք չունինք առնելու և ծախելու, ան 100 դոլարը, որ կուղարկվի հովանավորներուն կողմեն, նույնպես ամեն ամիս կփոխանցվի այդ 50 ընտանիքներին>>:
Սեդա Ղազարյանը ուրախությամբ է պատմում այն ընտանիքների մասին, որոնք հատկացված օգնության պարագաներով կարողանում են ընտանիքի հոգսերը հոգալ: Ասում է, եթե զարդեր եմ տրամադրել մի կարիքավոր ընտանիքի և նրանք այդ զարդերը փոխանակում են սննդի՝ ձվի, յուղի, կաթի ու մածունի հետ, ապա ես կշարունակեմ նրանց օգնել:
Մերձավոր Արևելքում դեռ վերջ չունեցող պատերազմական գործողությունները ստիպում են տեղի բնակչությանն արտագաղթել իրեն բնօրրանից: Սիրիայից մինչև օրս շարունակվում է հայերի ներգաղթը Հայաստան, որոնք մայր հայրենիք են հասնում միայն անձնական փաստաթղթերով: Նրանց կարիքներն ավելի մեծ են: Սիրիացի մի քանի կանանց Արմենիան Լայթհաուսը ժամանակավորապես հատկացրել էր նաև կացարան:
Սիրաիհայերը արևելյան խոհանոցի վարպետներ են, օրվա հացը վաստակելու և այլ կարիքներ հոգալու նպատակով շատերն են օգտագործում իրենց խոհարարական հնարքները: Արմենիան Լայթհաուսից նրանց հատկացվեցին նաև միկրոալիքային վառարաներ: Նազար Մելքոնյանը կնոջ հետ արդեն մեկ տարի ապրում է Երևանում, երեխաները մնացել են Հալեպում: Ապրելու միջոցներ ստեղծելու համար միկրոալիքային վառարանով սնունդ են պատրաստելու և վաճառելու.<<Դրսում իմ լահմաջոները 500 կծախեի, հոս պատվեր կվերցնեմ ու 300 կվաճառեմ>>: Իսկ մինչ այդ օրվա հացը վաստակել են իրենց սարքած աղացած կարմիր պղպեղ վաճառելու միջոցով:




