Տնտեսական անվտանգության համակարգում ժողովրդագրական սպառնալիքները էական դեր են խաղում՝ ասում է տնտեսագետը
Հայաստանում միգրացիոն իրավիճակը շարունակում է լարված մնալ, մասնագետներն էլ շարունակում են ահազանգել՝ ծերացող երկրի առջև լուրջ մարտահրավերներ են կանգնած՝ երիտասարդները մեկնում ու չեն վերադառնում։ Նույն <<ճակատագրին>> նաև երիտասարդ գիտական ներուժն է արժանանում: Սա արդեն վտանգավոր է՝ փաստում են մասնագետները: Սակայն հատկապես մարզերում <<Ռադիոլուրի>> զրուցակիցները այլընտրանք չեն տեսնում ՝ ապրելու միակ միջոցը նրանց համար մնում է Ռուսաստանը:
Աշխատանք չկա, երիտասարդների մեծ մասը Ռուսաստանում է, վերջին տարիներին մեր երկրում՝ հատկապես հեռավոր մարզեր այցելելիս, առաջին պատահած տեղացին այս արտահայտությամբ է զրույցը սկսում: Մոտ մեկ տարի է, ինչ այս խոսակցությանն ավելացել է նաև <<ռուսական ռուբլին արժեզրկվել, եկամուտի ուղիղ կեսը նվազել է>> արտահայտությունը:
Տավուշի մարզի Սարիգյուղ սահմանամերձ համայնքն էլ բացառություն չէ։ Այստեղ շուտով կդիմավորեն արտագնա աշխատանքից վերադարձող իրենց հարազատներին, իսկ նրանք, ովքեր մնացել են գյուղում, ամեն օր հավաքվում են գյուղի կենտրոնում ու հիշում երբեմնի լավ օրերը, բայց և նկատում՝ որևէ այլ տեղում չեն պատրաստվում ապրել: Խորհրդային տարիներին Սարիգյուղում գործարան չկար, սակայն Իջևանի մի քանի գործարանները բավարար էին ՝ սոցիալական խնդիրները լուծելու, նորմալ ապրելու համար։ Այսօր պատկերն այլ է…
Աշխատանք գտնելու փնտրտուքներն էլ հայ տղամարդկանց, իսկ վերջին տարիներին նաև կանանց դեպի Ռուսաստանի Դաշնություն են տանում: Վիճակագրությունը փաստում է՝ վերջին մեկ տարում աշխատանքային միգրանտների տեսակարար կշռի նվազում է նկատվում: Եթե 2015-ին տնային տնտեսություններից ամեն երրորդը արտերկրում աշխատող ուներ՝ այս տարի իրենց ապրուստն օտար ափերում գտնողների թիվը նվազել է 30 տոկոսով: Սա ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը ռուսական իրականության փոփոխությամբ է պայմանավորում։
Միգրանտների մի մասը ստիպված վերադառնում է, մյուս մասն էլ շարունակում է մնալ ՌԴ-ում, սակայն սպասման մեջ է: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ավելի քան երկու անգամ նվազել են նաև ՌԴ-ում աշխատող միգրանտների եկամուտները, <<քանի որ հիմնականում ՌԴ-ում են աշխատում, վաստակում են ռուբլով, սակայն, ռուբլու արժեզրկման պատճառով, վաստակը փոքրացել է>>:
Նույնը նաև զրուցակիցներս են փաստում՝ աշխատում են, սակայն Հայաստան են բերում իրենց աշխատածի ուղիղ կեսը: Սա էլ իրենց սոցիալական վիճակի վատացման պատճառ է դարձել: Մասնագետները սակայն եկամուտների մոտ երկու տոկոսի ավելացում են արձանագրում: Նրանք նաև մեր երկրում եկամուտների դիվերսիֆիկացում են արձանագրել։ Եթե նախկինում միգրանտ ունեցող տնտեսությունները եկամուտի մեկ, ապա այժմ առնվազն երկու աղբյուր ունեն:
<<Տնտեսական անվտանգության համակարգում ժողովրդագրական սպառնալիքները էական դեր են զբաղեցնում»,- ասում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ու նշում՝ իրավիճակը բավականին խոցելի է: Մինչ մարզերում գյուղացիները մտահոգված են իրենց համայնքների երիտասարդների՝ արտագնա աշխատանքի մեկնելով, տնտեսագետն էլ անհանգիստ է հատկապես երիտասարդ ուղեղների արտահոսքով:
Փորձագետներն ամփոփելով արտագաղթի հիմնական պատճառներն առանձնացնում են աշխատատեղերի բացակայությունը, ոչ բավարար աշխատավարձը, անորոշությունը, ապագայի նկատմամբ հավատի բացակայությունը ու անարդարության մթնոլորտը, նաև հավատում են՝ սա մեսիջ է նոր կառավարությանը, գուցե նրանք ինչ- որ գործնական քայլերի անցնեն: