
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեր Անդրիոն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հայտարարություն են տարածել հոկտեմբերի 23-25-ը տարածաշրջան կատարած այցի արդյունքների վերաբերյալ:ԵԱՀԿ-ի գրասենյակից տեղեկացնում են, որ համանախագահները հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի նախագահների և արտգործնախարարների, ՀՀ նորանշանակ պաշտպանության նախարարի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ:
Այցի նպատակն ապրիլյան աննախադեպ բռնություններից հետո ստեղծված իրադրության քննարկումն էր և բանակցային գործընթացում դիրքերի հստակեցումը:Հայտարարության մեջ ասվում է.
«Հանդիպումների ժամանակ կողմերը հաստատել են, որ իրադրությունը շարունակում է հարաբերականորեն հանգիստ մնալ: Համանախագահներն ընդգծել են, որ հրադադարի ռեժիմի պահպանումը ապահովում է ընթացող բանակցությունների անհրաժեշտ հիմքը և նշել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ընդունած որոշումների լիակատար իրականացման կարևորությունը: Համանախագահները նաև քննարկել են ներկայիս աշխատանքային առաջարկները` հասնելու առարկայական բանակցությունների հանուն տևական խաղաղության: Նախագահներից յուրաքանչյուրն արտահայտել է իր տեսակետները, թե ինչպես առաջ տանել կարգավորման գործընթացը: Նախագահները նաև վերահաստատել են համաձայնությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման ուղղությամբ, և օպերատիվ մանրամասները դեռ շարունակում են քննարկվել:




