

«Մինչև 2016 թվականի ավարտը բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության մեջ սոցիալական աստիճանականություն ապահովող մոտեցումների ներդրում, 60 գյուղական բնակավայրերում գյուղական տուրիզմի փորձնական ծրագրի մեկնարկ, մեկ տարվա արդյունքների ամփոփման հիման վրա գյուղական տուրիզմի զարգացման ազգային ծրագրի մեկնարկ, հայկական կոնյակի վարկանիշի բարձրացման ուղղված միջոցառումների իրականացում», և ոչ միայն: Սրանք Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության ծրագրի հիմնադրույթներից են: Այս օրերին հենց կառավարության ծրագիրն է ամենաշատը քննարկվում, մասնագետները փորձում են հասկանալ՝ արդյո՞ք այն իրատեսական է: Ընդհանուր առմամբ, տնտեսագետները Կարեն Կարապետյանի կառավարության ներկայացրած ծրագիրը իրատեսական են համարում, միաժամանակ մատնանշում նաև բացասական կողմերը:
Նախորդ շաբաթ ԱԺ արտահերթ նիստում հաստատվեց 14-րդ կառավարության ծրագիրը: Այն գլխավոր ֆինանսական փաստաթղթի՝ Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հետ միասին կարելի է քննական փաստաթուղթ համարել այս կառավարության համար: Փորձագետներն ու տնտեսագետները շարունակում են վերլուծել արդեն հաստատված մոտ 30 էջանոց ծրագիրը: Տնտեսագետ Բագրատ Ասատրյանն ընդգծում է՝ հասարակությունն առաջին անգամ արձագանքեց կառավարության ծրագրին, թե ինչպես ստացվեց սա, տարբեր պատասխաններ կան՝ գուցե ոճից է, գուցե սպասումներ կան:

Անկեղծ ու պարզ գնահատականներ են տրված, սա էլ երկրորդ դրական կողմն է՝ ըստ Բագրատ Ասատրյանի: Նախկինում նման բան նա չէր տեսել: Ավելին, չի հիշում որևէ պաշտոնյայի, ով կարձագանքեր արտագաղթի խնդրին: Ամեն տարի մեր երկրից արտագաղթում է քաղաքացիների 2 տոկոսը:
Մինչ այժմ խնդիրներն անտեսվում էին, կուտակվում՝ ասում է՝ թվարկելով այն խնդիրները, որոնց առջև կանգնեցինք 2016 թ.-ին. «Արտաքին ռազմաքաղաքական, ներքաղաքական դաշտում ընդվզումները ուղղակի սարսափելու տեղիք են տալիս: Սոցիալական վիճակի առումով՝ սարսափելի, հայ ազգի ներկայացուցիչները լոկալ բնակության վայրում երբեք էսքան վատ չեն ապրել, ինչ այսօր՝ 2016թ: Պնդում եմ, որ երբեք հայն այսքան թշվառ վիճակում չի եղել»:
Տնտեսական իրավիճակն էլ հուսադրող չէ՝տարեսկզբի փոքր- ինչ տնտեսական ակտիվացումը մարտից դադարեց, իսկ հունիսից անկումն ավելի խորացավ: Սրանք մարտահրավերներ են, որոնք կանգնած են նոր կառավարության առջև և որոնք այն պետք է լուծի: Կառավարության՝ օրերս հաստատված ծրագրում բացասական կողմեր տնտեսագետ Բագրատ Ասատրյանը նույնպես առանձնացվում է.«Ես կարծում եմ, որ այդուհանդերձ, այս ծրագիրը լրացնելու բազմաթիվ տեղեր ունի: Իմ կարծիքով, որ մի գնահատականով, որ տնտեսական վիճակը վատ է, դեռևս բավարար չեն այն լուծումները, մոտեցումները, որոնք պետք է բերեն իրավիճակի առողջացմանը: Վիճակը խոր ուսումնասիրություն, վերլուծություն է պահանջում»:
Դիագնոստիկայի մասին, ի դեպ, նաև կառավարության անդամներն են խոսում: Սա կարևորում է նաև «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նա գտնում է, որ տնտեսության մեջ նաև հաշվառում պետք է կատարվի, հակառակ դեպքում՝ ցանկացած ծրագիր առ ոչինչ է: Տնտեսագետը կառավարության ծրագիրն իրատեսական է համարում, նշում, որ վեց ամսում հնարավոր է քայլերի հաջորդականություն իրականացնել : Այս կառավարությունը ծրագրի մշակման փուլում նոր մշակույթ է ձևավորում՝ ասում է ու մասնավորեցնում՝ քաղհասարակության մասնագիտացված շերտին մասնակից է դարձնում քննարկմանը:
«Խնդիրներից լրջագույնը պորտաբույծների բանակից հրաժարվելը կամ խաղից դուրս հանելն է, որովհետև դրանք մեծագույն խոչընդոտ են։ Եվ կադրերի մասին է խոսքը, և նրանց , ովքեր իրենց կյանքով ցմահ դիտորդի կարգավիճակով են ներկայանում և ոչ մի բան չեն կարող տալ»:
«Դեկլարատիվ, հստակ քայլեր»,- տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանի բնորոշումն է կառավարության ծրագրին: «Խնդիրները հստակ են ձևակերպված, ծրագիրն առանձին, կոնկրետ առանց այս կառավարության դիտարկելը սխալ է՝ «Այս կառավարությունն ավելի շատ ընկալվեց, որ եկել է, ինչ որ բան անելու պատասխանատվություն է ստանձնել»:
Նկարը՝ Մեդիա կենտրոնի ՖԲ էջի
Կայուն տնտեսական աճի ապահովման նպատակով նախատեսվում է պետության մասնակցությամբ կառույցների օպտիմալացում և գործունեության արդյունավետության բարձրացում, 2017 թվականի ընթացքում ներդրումային ծրագրերի ֆինանսավորման աջակցության նպատակով պետության կողմից ներդրումային ֆոնդի ձևավորում՝ հետագայում պետություն-մասնավոր համագործակցությամբ գործող ֆոնդ ունենալու տեսլականով: Որոշակի գումարից ավելի ներդրում կատարած օտարերկրացիներին քաղաքացիություն շնորհելու հայեցակարգի մշակում: Հատկանշական է, որ կառավարության այս ծրագրի ժամկետները հիմնականում սահմանափակվում են վեց ամսվա կտրվածքով: Ի դեպ, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն այսօր նաև հիշեցրեց՝ ՀՀ 14 կառավարություններից առնվազն մեկը՝ Ռոբերտ Քոչարյանի կառավարությունն այդպես էլ գործունեության ծրագիր չներկայացրեց:




