Մշակույթ

165 ֆիլմ՝ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնում

Նոյեմբերի 5-9-ը Երևանում և 40 օր ՀՀ մարզերում ու Արցախում տեղի կունենա «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնը: Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ստացված 865 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 165 ֆիլմ՝ 48 երկրներից:

«Ռոլան» 12-րդ փառատոնի ընթացում ժյուրիի նախորդ տարիների ձևաչափը պահպանվել է, որտեղ բացառապես աշխատելու են երեխաներ և երիտասարդներ, մասնավորապես` «Խաղարկային ֆիլմեր» անվանակարգում` Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Շնող և Թեղուտ համայնքների երեխաները, «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում` Գավառի մանկատան սաները, «Անիմացիոն ֆիլմեր» անվանակարգում` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեխաները, «Ես իրվունքներ ունեմ» անվանակարգում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները, և «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ֆիլմերի անվանակարգում` 7 զորամասերի զինվորները:

Փառատոնային 5 օրերի ընթացքում Երևանում («Մոսկվա» կ/թ, «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոն, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան, Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտ, Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոն), Գյումրիում («Հոկտեմբեր» կ/թ), Ալավերդիում (Մշակույթի տուն) և Գավառում (Գավառի մանկատուն, և այլն) ցուցադրվելու են լավագույն փառատոնային ֆիլմեր և մուլտֆիլմեր երեխաների և երիտասարդների համար: Այնուհետև` 40 օրվա ընթացքում, ցուցադրությունները կշարունակվեն նաև ՀՀ մարզերում՝ /Լոռի, Գեղարքունիք, Սյունիք, Տավուշ և Արագածոտն/ և Արցախում:

Ցուցադրությունները կազմակերպվում են բարեգործական սկզբունքով:

Այս տարի ևս փառատոնը կհյուրընկալի  ճանաչված և սիրված  կինոգործիչների տարբեր երկրներից, այդ թվում` ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, Կաննի «ՈսկեԱրմավենի» մրցանակակիր և ռուսական «Ստայեր» կինոստուդիայի հիմնադիր, ռեժիսոր-մուլտիպլիկատոր Գարրի Բարդինին :

Կյուրընկալվի  նաև փառատոնի հավատարիմ բարեկամը`ՌԴ «Ոսկե օստապ» մրցանակի երկակի դափնեկիր, «Ոսկե խոյ» մրցանակակիր, «Երալաշ» մանկական հումորային հանդեսի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին: Փառատոնի ընթացքում առաջին անգամ կցուցադրվեն ռեժիսորի «Երալաշ» մանկական կինոամսագրի նոր համարներ:  Փառատոնին կմասնակցեն նաև այլ հյուրեր:

Փառատոնը կազմակերպում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը (Армянский фонд Ролана Быкова, Armenian Rolan Bykov Foundation)` ՀՀ նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Back to top button