
ԱՄՆ Իլինոյս նահանգի Վիլինգ քաղաքում գործող Բալետի և արվեստի ակադեմիայում արդեն մեկ տարի է, ինչ կարելի է սովորել նաեւ հայկական պարեր: Այդ հնարավորությունը ստեղծվել է Հայաստանից մեկ տարի առաջ ժամանած Հրաչյա Կոստանյանի եւ Ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Բելլա Լեվինսոնի ծանոթության շնորհիվ: Ծանոթություն, որը շատ արագ վերածվեց համագործակցության, երբ Լեվինսոնը Հրաչյային առաջարկեց դասավանդել ակադեմիայում՝ «Ռադիոլուրին» հայտնել է ՀԲԸՄ Իլինոյս նահանգի մասնաճյուղի խորհրդի անդամ Արծրուն Օհանյանը։
Հրաչյան լեգենդար Վանուշ Խանամիրյանի սանն է, իսկ մասնագիտական բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժնում՝ ազգային պարերի մեծ վարպետ Արտաշես Կարապետյանի արվեստանոցում: Ակադեմիայում աշխատելու առաջարկը փայլուն հնարավորություն էր Հրաչյա Կոստանյանի համար, որպեսզի նա իր փորձը, հմտություններն ու գիտելիքները ծառայեցնի ոչ միայն հայրենիքից հեռու ապրող հայերին ազգային պարը սովորեցնելու, այլեւ օտարազգիներին հայկական մշակույթին ու պարարվեստին հաղորդակից դարձնելու համար: Հրաչյայի շնորհիվ ակադեմիան Իլինոյս նահանգում դարձավ միակը, որտեղ գործում են հայկական պարի կանոնավոր դասընթացներ: Մեկ տարվա ընթացքում արդեն ամուր հիմք է ստեղծվել հայկական ազգագրական և ժողովրդական պարերի շարունակական ուսուցման համար: Սակայն Հրաչյան միայն ազգագրական պարեր չէ, որ դասավանդում է ակադեմիայում. բալետի դասարաններում նա բեմադրում է հատվածներ հայկական բալետներից:
Ամռանը կայացած համանահանգային պարի մրցույթում ակադեմիայի սաները ներկայացրեցին հատվածներ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից և արժանացան առաջին մրցանակին: 2017 թ Ֆլորիդայի Դիսնեյլենդում տեղի ունենալիք համաամերիկյան պարի մրցութ- փառատոնում Իլինոյս նահանգը ներկայացնելու է ակադեմիան՝ նաև Հրաչյա Կոստանյանի բեմադրած պարային համարներով:
Հրաչյա Կոստանյանի աշխատանքը Բալետի եւ արվեստի ակադեմիայում յուրօրինակ կամուրջ է դարձել այս հաստատության և Իլինոյսի հայկական մշակութային միությունների միջև, ինչն առավել է նպաստում պարավեստի ոլորտի զարգացմանը: Հրաչյան իր գործի իսկական նվիրյալն է: Հայրենիքից հեռու ապրող հայերին նա անմնացորդ եռանդով է հաղորդակից դարձնում սեփական պարարվեստին, միեւնույն ժամանակ այլ ազգի հանդիսատեսին հնարավորություն տալով բացահայտելու ու գնահատելու հայ ազգի դարավոր մշակույթի գոհարները:




