Քաղաքական

Պատմական կամուրջ՝ աշխարհի առաջին քրիստոնյա երկրի հետ

karenghazaryan
Շարունակվում է Հայաստանի Հանրապետություն Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի պետական այցը: Նա Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով Հայաստան է ժամանել շաբաթ երեկոյան: Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Նորին և նրա գլխավորած պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է Հայաստանի նախագահի և Մեծ վարպետի հանդիպումը ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ: 
Հանդիպումից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հանդես են եկել  հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարություններով:

 

Խորհրդանշական օր: Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգն առաջին անգամ պետական այցով Հայաստանում է: Բարեկամական եւ կառուցողական ոգով զարգացող դիվանագիտական հարաբերությունները տարիների պատմություն ունեն, այսօր, սակայն, յուրովի եւ պատմական կամուրջ է ստեղծվում աշխարհի առաջին քրիստոնյա երկրի ու հնագույն քրիստոնեական Մարտական ուխտի միջեւ: Մեր երկրի նախագահը նկատեց՝ խաչակիրների ժամանակաշրջանում Կիլիկիայի հայկական թագավորության եւ Մալթայի Ուխտի միջեւ գոյություն ունեցող սերտ քաղաքական ու ումշակութային կապերն այսօր նոր շունջ են առնում:

Դեռ 88-ի երկրաշարժի դաժան օրերին ու մինչ օրս Մալթայի Ուխտը մարդասիրական նշանակալի օժանդակություն է տրամադրել Հայաստանին, ինչն աննկատ չի մնացել մեր ժողովրդի կողմից: Այդ առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը խորին երախտագիտություն հայտնեց: Քննարկվել են նաեւ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները՝ բժշկական ծառայությունների մատուցման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանվածության եւ դրա համատեղ կազմակերպման ոլորտում: Անելիքներ կան նաեւ պատմագրության ոլորտում: Մեծ փորձ առկա է եւ շատ օգտակար աշխատանք կարող է լինել՝ համոզված է Հայաստանի ղեկավարը:

Համագործակցության հետագա զարգացման համար առկա է ամենակարեւորը՝ նույնակունք արժեքային հենք, որը թույլ է տալիս միանման մոտենալ խնդիրների լուծմանը՝ փաստում են կողմերը: Հայաստանի անցած ուղին էլ, կարելի է ասել, անցել է Մալթայի Ուխտի «Վկայել հավատքը» կարգախոսին համահունչ: Կողմերն անդրադարձել են նաեւ Սիրիայում ստեղծված ողբերգական իրադրությանը, որը վերածվել է հումանիտար աղետի: Այնտեղ հալածանքների ու կտտանքների են ենթարկվում քրիստոնեաները եւ ոչ միայն քրիստոնեաները:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը պատրաստակամ է իր ավանդը բերելու ցանկացած նախաձեռնության իրականացմանը, որն ինչ-որ կերպ կխոչընդոտի քրիստոնեաների եւ քրիստոնեական ժառանգության ոչնչացմանը Մերձավոր Արեւելքում:

Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը, շնորհակալություն հայտնելով ՀՀ Նախագահին ջերմ խոսքերի ու հյուրընկալության համար, կարևորեց իր պետական այցը Հայաստան՝ երկկողմ հարաբերություններն ավելի ամրապնդելու տեսանկյունից:

«Ես կարծում եմ, որ հատկապես կարևոր է, որպեսզի քրիստոնյա ազգերի և քրիստոնեական կազմակերպությունների ներկայացուցիչները կարողանան որքան հնարավոր է սերտ համագործակցություն հաստատել միմյանց հետ այս ժամանակներում հաստատված և իշխող աշխարհիկ բարքերի պայմաններում: Դա հատկապես կարևոր է այն արտակարգ հիմնախնդիրների առումով, որոնց մենք այժմ հանդիպում ենք, մասնավորապես՝ միգրացիոն հոսքերի, փախստականների խնդիրների, նրանց տեղաշարժերի»:

Նորին Վսեմություն Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը կարծիք հայտնեց, որ ասվածի համատեքստում խիստ անհրաժեշտ են  մշտապես շփումները, տեսակետների փոխանակումը և մոտեցումների համադրումը: «Հենց այդ պատճառով է, որ այս հարաբերություններն այդքան կարևոր են»,-շեշտեց բարձրաստիճան հյուրը:

Նա ասաց նաեւ, որ իր պարքն է համարում Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելը:

Կարդացեք նաև

Back to top button