Հասարակություն

Արարատյան դաշտում ցրտահարություն չի սպասվում

Արարատյան դաշտում ցրտահարություն չի սպասվում։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Քանի որ Արարատյան դաշտում դեռ բերք կա և մարդիկ անհանգստացած են սպասվող ցրտերի առումով ու շատ են հարցնում ցրտահարության մասին, տեղեկացնում ենք, որ մինչև հոկտեմբերի 31-ը Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում, այսինքն ցրտահարություն չի սպասվում», -նշել է նա։

Այդուհանդերձ, «Հիդրոմետ» ծառայությունից զգուշացնում են, որ հոկտեմբերի 25-27-ը բացառությամբ Երևանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռների` մյուս բոլոր գոտիներում հիմնականում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում `բուք, ճանապարհներին` մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն և հորդորում նշված ժամանակահատվածում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Ըստ նույն աղբյուրի, հանրապետության տարածքում՝ հոկտեմբերի 24-ին կեսօրից հետո, 25-27-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ: 28-ին՝ առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 24-26-ին կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում՝ հոկտեմբերի 24-ին երեկոյան ժամերից, 25-27-ին սպասվում է անձրև:

28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Back to top button