Միջազգային

Ռուսաստանը պատասխան կտա Հալեպում արյունահեղության համար՝ ասել է Տուսկը

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Ռուսաստանը պատասխան է տալու Հալեպում արյունահեղության համար: «Եվրամիության առաջնորդները պայմանավորվել են քննարկել Սիրիայի իշխանությունների և դաշնակիցների, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ միջոցները, եթե արյունահեղությունը Հալեպում շարունակվի»,- Բրյուսելում ամփոփելով Եվրամիության գագաթաժողովի առաջին օրվա արդյունքներն ասել է Տուսկը:

Իր հերթին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր կայացած մամուլի ասուլիսում նշել է, որ Մոսկվային մտահոգում է, որ «Ջեբհաթ-ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպության զինյալները հրաժարվում են հեռանալ Հալեպից։

Լավրովի խոսքով՝ բացի այդ՝ ահաբեկիչները «սպառնալիքների, շանտաժի, ինչպես նաեւ կոպիտ ուժի օգնությամբ խոչընդոտում են Հալեպի արեւելյան շրջանից քաղաքացիական բնակչության հեռանալուն»: Լավրովը հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվային անհանգստացնում են նաև Թուրքիայի ավիահարվածները Սիրիայի տարածքին:

«Ինչ վերաբերում Է Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից Սիրիայի հյուսիսային շրջաններին ավիահարված հասցնելու մասին տեղեկություններին, ապա այդ լուրերը խիստ անհանգստացնում են մեզ: Ինչպես ես եմ հասկանում, խոսքը վերաբերում Է քրդաբնակ շրջաններին»,- ասել Է Լավրովը։

 

Back to top button