

Հոկտեմբերի 19-ը Հայոց բանակի հրթիռային զորքերի եւ հրետանու կազմավորման 24-րդ տարեդարձն էր: Այդ առթիվ «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում այսօր տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության զրահատանկային ծառայության շահագործման եւ պլանավորման բաժնի պետ, գնդապետ Զորայր Գաբրիելյանի, ՀՀ ԶՈՒ Հրթիռային զորքերի եւ հրետանու վարչության շտաբի պետի տեղակալ, գնդապետ Արտավազդ Յաղմուրյանի մամուլի ասուլիսը: Նրանք ներկայացրել են ՀՀ զինված ուժերի հրթիռահրետանային զորքերի եւ զրահատանկային ծառայության անցած ուղին, ձեռքբերումներն ու հաջողությունները, խոսել նաեւ նոր ձեռք բերված համակարգերի մասին:
Արցախյան ազատամարտի տարիների փորձն է նաեւ ամենամեծ ձեռքբերումը՝ ասաց ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության զրահատանկային ծառայության շահագործման եւ պլանավորման բաժնի պետ, գնդապետ Զորայր Գաբրիելյանը՝ խոսելով Հայոց բանակի զրահատանկային ծառայության անցած ուղու, ձեռքբերումների եւ հաջողությունների մասին:
«Ապրիլյան պատերազմական գործողություններն էլ մեզ ահագին ուսանելի դասեր տվեցին եւ որոշ դեպքերում մենք մեր ենթականերից սովորեցինք, որովհետեւ մարտի դաշտում նրանք կարողացան կարճ ժամանակում կողմնորոշվել եւ օգտագործել այնպիսի հնարքներ, որոնց մասին մենք, շատ ժամանակ, այսպես ասենք, կամ չէինք հանդիպել, կամ՝ ճէինք էլ սպասում»:
Կատարելագործման սահմաններ գոյություն չունեն՝ հավելեց Զորայր Գաբրիելյանը՝ կարեւորելով նաեւ այն հանգամանքը, թե ինչպիսի հետեւություններ են արվում այդ ամբողջից եւ ինչպես ենք կարողանում դրանցից քաղել դասեր ու օգտագործել:
Մեր երկրի ԶՈՒ Հրթիռային զորքերի եւ հրետանու վարչության շտաբի պետի տեղակալ, գնդապետ Արտավազդ Յաղմուրյանն էլ անդրադարձավ հրթիռահրետանային զորքերի կազմավորման դժվարին ուղուն եւ ձեռքբերումներին:
«Այս գործում կարճ 24 տարիների ընթացքում հաջողվեց ստեղծել զորատեսակ, որն արդեն ապրիլյան գործողությունների ժամանակ, ի պատասխան մեր ամբողջ ձգտումների, պատվով եւ լիարժեք, ես կասեի՝ գերազանց կատարեց իր առջեւ դրված խնդիրը: Մեր բոլորի հույսերը, նպատակները՝ հրետանավորների հետ կապված, լիովին արդարացրեց մեր երիտասարդ սերունդը»:
Զորատեսակն այսօր պատվով կատարում եւ կատարելու է իր խնդիրը՝ հավելեց Արտավազդ Յաղմուրյանը: Նա վստահեցրեց, որ այսօր զորատեսակը համալրված է արդի միջոցներով, ունի նաեւ պատրաստ արհեստավարժ կադրեր եւ անհրաժեշտության դեպքում պատվով կկատարի իր առջեւ դրված խնդիրը: Հիմնական խնդիրն էլ՝ անձնակազմի շարունակական պատրաստումն է, հատկապես՝ զորատեսակի սպայական կազմի, ինչն էլ հետեւողականորեն իրականացվում է:
Ի պատասխան լրագրողների հարցերի՝ ԶՈՒ ներկայացուցիչներն անդրադարձան նաեւ «Իսկանդեր» եւ «Սմերչ» համակարգերին: Արտավազդ Յաղմուրյանի փոխանցմամբ՝ մինչ դրանց ձեռքբերումը, արդեն պատրաստվել էին համապատասխան մասնագետներ: Հենց նրանք էլ Հայաստանում ընդունել են «Իսկանդեր» համակարգերը: Այսինքն, Հայաստանը դրանց կիրառման ոչ մի բարդություն չունի՝ տեխնիկական առումով: Ռուսաստանի թույտվությամբ դրանց կիրառման վերաբերյալ խոսակցություններին էլ հակադարձելով՝ ՀՀ ԶՈՒ Հրթիռային զորքերի եւ հրետանու վարչության շտաբի պետի տեղակալ, գնդապետ Արտավազդ Յաղմուրյանը շեշտեց, որ կիրառման անհրաժեշտության մասին որոշումը միանշանակ ընդունելու է Հայաստանի Հանրապետությունը: Զորայր Գաբրիելյանն էլ իր հերթին հավելեց.
«Այդ զենքերի կիրառման համար Ռուսաստանը ոչ մի տեխնիկական միջոց չունի, որ արգելափակի այդ զենքերի կիրառումը»:
Դրանք հիմա զսպող դեր ունեն: Այդ զենքերի կիրառման համար արգելափակումներ կամ սահմանափակումներ չկան նաեւ պայմանավորվածության համաձայն: Այն մեր զինված ուժերինն է, անհրաժեշտության դեպքում կիրառումը պլանավորում եւ իրականացնում ենք մենք՝ առանց որեւէ սահմանափակման՝ եզրափակեցին ՀՀ ԶՈՒ-ի պատասխանատու-ներկայացուցիչները:




