Հասարակություն

Գիտաժողով՝ նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին

Հոկտեմբերի 20-ին մեկնարկել է «Աշխարհն առանց արգելքների» խորագրով անդրանիկ միջազգային գիտաժողովը, որը նվիրված է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացմանը: Ինչպես հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, գիտաժողովը համախմբել է բազմաթիվ բարձրաստիճան գործընկերների՝ ազդարարելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների աջակցության, պաշտպանության և երաշխավորման ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկելու վերջիններիս վճռականությունը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանն իր ելույթում  կարևորել է  միջագգային գիտաժողովը՝   նշելով, որ ՀՀ կառավարությունը Կոնվենցիան վավերացրել է 2010 թ.-ին, դրանով իսկ ստանձնելով հաշմանդամություն ունեցող անձնանց  հիմնարար ազատությունների, քաղաքական, տնտեսական,  սոցիալ-մշակութային կյանքին  այդ անձանց մասնակցությունն ապահովելու պարտականությունը:

Նախարարի տեղակալը ողջունել է  ոլորտի խնդիրներով  մտահոգ պետական և հասարակական կառույցների  համատեղ ջանքերը, քանի որ նրանք համակողմանիորեն իրենց ամենօրյա գործունեությամբ և նվիրումով քայլ առ քայլ գնում են հաշմանդամություն ունեցող անձանց  իրավունքների պաշտպանությունը բարձր մակարդակի հասցնելու, սոցիալական ծառայությունները մատչելի դարձնելու ուղղությամբ:

«Հաշմանդամություն ունեցող անձնանց  սոցիալական ներառումը  ՀՀ կառավարությունը ճանաչել է գերակա ուղղություն,  ուստի՝ այսօր միջգերատեսչական բոլոր ծրագրերն ու անելիքներն ուղղված են հռչակված ուղղությունը լիարժեք կյանքի  կոչելուն»,- իր խոքում ընդգծել է  Ջեմմա Բաղդասարյանը և միջագային գործընկերների ևս մեկ անգամ  հիշեցրել է  տարվա կարևորության մասին՝   ՀՀ  կառավարությունը  2016 թ.-ը հռչակել է  հավասար հնարավորությունների տարի:  Այս համատեքստում նախարարի տեղակալը նշել է, որ ոլորտում անելիքները դեռևս շատ են, սակայն համագործակցությունը՝ հատկապես հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ, տվել է  տեսանելի արդյունքներ:

Գիտաժողովին ելույթներով հանդես են եկել նաև ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար  Դեբորա Գրիզերը և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Երկօրյա Գիտաժողովի ընթացքում կհնչեն զեկույցներ, կներակայացվեն Հայաստանում և արտերկրում  Ֆունկցիաների միջազգային դասակարգման  ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները, փորձառությունը և զարգացման միտումները:

Գիտաժողովի ավարտին արտասահամանից ժամանած գործընկերները կայցելեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Գիտաժողովին մասնակցում են տարբեր գերատեսչությունների, միջազգային և հասարակական կառույցների ներկայացուցիչներ: Միջազգային գիտաժողովի իրականացմանը աջակցել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը և ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագիրը:

 

Կարդացեք նաև

Back to top button