

Խնձորեսկի պատմության թանգարանը հիմնադրվել է 1968 թվականին: Թանգարանի տնօրեն Անահիտ Փանդունցն ասում է, որ ժամանակին այն նվիրված էր Մեծ հայրենականում զոհված խնձորեսկցիների հիշատակին: Տարիների ընթացքում այստեղ կուտակված ցուցանմուշներն այսօր պատմում են Խնձորեսկի պատմության, ինքնատիպ կենցաղի ու բարքերի մասին: Փոքրիկ շրջայց՝ թանգարանում:
Հասարակական կարգով, ինչպես Թանգարանի տնօրեն Անահիտ Փանդունցն է ձևակերպում, խնձորեսկցիները հավաքվեցին ու Մեծ հայրենականում զոհված իրենց համագյուղացիների հիշատակը հավերժացնող թանգարան կառուցեցին: Դա 1968 թվականին էր: Գորիսի երկրագիտական թանգարանի մասնաճյուղ հանդիսացող Խնձորեսկի թանագարում հայրենական պատերազմում հերոսացած խնձորեսկցիների կողքին այօր նաև արցախյան պատերազմում նահատակված խնձորեսկցիներն են:
18-19-րդ դարերի Խնձորեսկի կենցաղը, խնձորեսկցիների հագ ու կապը, գյուղատնտեսական գործիքներ, զենքեր, լուսանկարաներ: Թանգարանի համեստ տարածքում մեկտեղված ցուցանմուշներն այսօր սպառիչ ու բավականին պատկերավոր ներկայացնում են պատմական Խնձորեսկը:
«Խնձորեսկի թանգարանն ունի հետաքրքիր ցուցանմուշներ ու նաև խնդիրներ՝ լուսավորության, էլեկտրաէներգիայի բացակայության, «ջեռուցման» մասին էլ չեմ խոսում, թանգարանն իր գոյության ողջ ընթացքում «ջեռուցում» ասվածը չի տեսել»,-ասում է տիկին Անահիտը, հենց այն պահին, երբ թանգարանի տանիքից հոսող անձրևաջուրը պղտորում է ցուցանմուշներից ստացած մեր հրաշալի տպավորությունները:




