
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Իրաքի կառավարական զորքերի սկսած Մոսուլի ռազմական գործողության հարցը։
Այդ մասին նշված է Կրեմլի տարածած հայտարարությունում։ Պուտինը հաջողություններ է մաղթել իրաքյան բանակին ու նրա դաշնակիցներին, աջակցություն է հայտնել նրանց միջազգային ահաբեկչության օջախն արմատախիլ անելու համար։
Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցը։ Պուտինն ալ-Աբադիին իրազեկել է Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին, որոնք միտված են Սիրիայի Հալեպ քաղաքում իրավիճակի ապաէսկալացմանը։ Քննարկվել է նաև Հալեպում տիրող հումանիտար վիճակը։




