Պաշտոնական

Վարչապետն արդյունավետ է գնահատում Հայաստան- ՄԱԿ գործընկերությունը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին:

Վարչապետն արդյունավետ է գնահատել Հայաստան-ՄԱԿ գործընկերությունը, ՄԱԶԾ-ի շրջանակում իրականացվող տարբեր ծրագրերը և կարևորել հետագա համագործակցությունը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ ՄԱԿ-ը նպաստել է մեր երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության ամրապնդմանը, և բարձր է գնահատվում ՄԱԶԾ-ի կողմից տարիներ շարունակ ցուցաբերվող ֆինանսական ու տեխնիկական օժանդակությունը:

ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողը շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր գնահատականի համար և վստահեցրել, որ ՄԱԿ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը Հայաստանի հետագա զարգացմանը:

Զրուցակիցները, մասնավորապես, մտքեր են փոխանակել 2016-2020 թթ. «Հայաստան-ՄԱԿ զարգացման աջակցության շրջանակ», «Բավրա, Բագրատաշեն և Գոգավան սահմանային անցակետերի արդիականացման» ծրագրերի ընթացքի, տնտեսական աճի ապահովմանն ուղղված նախաձեռնությունների, գյուղական համայնքների զարգացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունների շուրջ:

Բրեդլի Բուզետտոն նշել է, որ Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության առաջնահերթությունները համահունչ են ՀՀ կառավարության գերակայություններին, և ըստ անհրաժեշտության կարող են լրացվել:  Վարչապետ Կարապետյանը կարևորել է գործընկերության հետագա խորացման ուղղությունների հստակեցումը և որպես ՀՀ կառավարության ղեկավար՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեությանը հնարավորինս աջակցելու պատրաստակամություն հայտնել:

Back to top button