

«Այս տարի իրականացան իմ երեք մեծ նպատակները. նախ՝ անձնագրում փոխեցի ազգանունս ու դարձա Գագիկ Հայկազուն, մոտ քառասուն օր առաջ ծնվեց 5-րդ զավակս՝ Անահիտը, ստացա բնակարան Երևանի քաղաքապետարանից»,- նոյեմբերի 30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ծննդայն 65-ամյակին նվիրված համերգն էլ համարենք Գուսան Հայկազունի տարվա լավագույն իրադարձություններից մեկը: Սիրված ու հանրահայտ հայրենասիրական բազմաթիվ երգերի հեղինակ գուսան Հայկազունին է նվիրված «Ռադիոլուրի» ռեպորտաժը:
Մասնագիտությամբ շինարար-ճարտարագետ Գագիկ Նազարյանի առաջին երգը՝ «Հայեր, միացեք» ծնվեց 88-ին: «Իմ բոլոր երգերն էլ ժամանակի ու իրավիճակի ծնունդ են: Առաջին երգը միացման կոչ էր՝ ուղղված մեր ողջ ժողովրդին»,- ասում է անձնագրով այսօր արդեն Գագիկ, իսկ ժողովրդի բառապաշարում՝ Գուսան Հայկազունը։
«Հպարտ գնացեք», «Գետաշեն», «Պիտի գնանք վաղ թե ուշ». առաջին պոռթկումից հետո ծնված գուսան Հայկազունի բոլոր երգերը դարձան նույնքան սիրված ու հանրաճանաչ: Այդ երգերով հաղթեցինք պատերազմում, իսկ այսօր հաղթական ոգի ներշնչող երգերը սիրում ու կատարում են երիտասարդները: «Այսօր էլ եմ գրում, ոչ միայն հայրենասիրական, այլև քնարական երգեր, բայց ձայնագրման ու տարածման խնդիր ունեմ»,- ասում է գուսանը՝ միաժամանակ նշելով, որ մշակույթի նախարարի հետ հանդիպումից հետո այս հարցում ավելի լավատես է դարձել:
Գագիկ Հայկազունի ու նախարար Արմեն Ամիրյանի տեսակետներն ու ցանկությունները համընկել են, մասնավորապես, մարզերում հայ ազգային մշակույթը տարածելու, զարգացնելու, հարցում: «Տարիներ շարունակ երազել եմ աշխատել մարզերում: Ինձ պետք է պարզապես ամսվա մեջ տասը օր լինել տարբեր մարզերում: Ես գուսանների ծաղկեփունջ կհավաքեմ: Փառք մեր մեծերին՝ Սայաթ Նովա, Ջիվանի, բայց ես 21-րդ դարի գուսաններ եմ ուզում նաև ի հայտ բերել: Իսկ նրանք կան: Պետք է պարզապես համախմբել ու աշխատել այդ մարդկանց հետ»:
Գուսանի ղեկավարած «Հայկազունք» խումբը հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում: «Հայաստանյան համերգներին դահլիճի ճնշող մեծամասնությունը երիտասարդներն են : Նոր սերունդը սիրում է հայ երգը: Ինչ տալիս ես, այն էլ վերցնում են: Դրա համար էլ երիտասարդներին պետք է տալ լավագույնը»,- ասում է գուսան Հայկազունը։




