Տնտեսական

Թեթեւ արդյունաբերությունը փորձում է վերականգնել իր դիրքերը

hasmikdilanyan

Երևանում հոկտեմբերի 17-19 անցկացվում է «Թեթև արդյունաբերության միջազգային համաժողով, ցուցահանդես, նորաձևության օրեր» խորագիրը կրող միջոցառումը, որի ընթացքում ներկայացվում են թեթև արդյունաբերության ոլորտի ողջ արժեշղթան՝ թելից մինչև պատրաստի հագուստի արտադրություն, այդ թվում՝ նաև կաշվե իրեր, գլխարկներ, զարդ և աքսեսուարներ: Միջոցառման նպատակն է խթանել Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտի զարգացումը, նախանշել տարածաշրջանային համագործակցության հեռանկարները, բացահայտել հայկական արտադրանքի նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունները, ինչպես նաև ձևավորել գործընկերային հարաբերություններ ու  նպաստել փորձի փոխանակմանը:  Այսօր պարզվել է, որ հայ պաշտոնյաները ևս նախընտրում են հայկական արտադրանքը, համենայնդեպս այդպես են վստահեցրել։

 

«Անձամբ օգտվում եմ մեր տեղական արտադրանքից, բավականին լավ արտադրատեսակներ ունենք՝ բավականին բարձր որակի՝ ներքնազգեստի, գուլպեղենի, կոշիկի, վերջին շրջանում նաև՝ կոստյումի: Այո, ես օգտվում եմ այդ  բոլոր արտադրատեսակներից»,- ասում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության արդյունաբերության  վարչության պետ Արմեն Եգանյանն է, ով  անձամբ է պատասխանատու արդյունաբերության ու մասնավորապես տեքստիլ արդյունաբերության զարգացման  համար:

Խորհրդային տարիներից հայտնի  հայկական թեթև արդյունաբերությունը  անկախության հռչակումից հետո դեռ ամբողջությամբ ուշքի չի գալիս: Պատճառները տարբեր են՝ շրջանառու միջոցները բավարար չեն,  վարկային տոկոսադրույքներն են  բարձր,  տեղական շուկայում չեն կարողանում մրցակցել թուրքական ու չինական ավելի էժան  ապրանքների հետ, ունեն նաև արտահանման հետ կապված խնդիրներ: Արմեն Եգանյանը ավելացնում է նաև  կառավարման, արտադրողականության, որակի հետ կապված խնդիրները: «Տոկոսադրույքները կարող է ինչ- որ մի ոլորտի համար բարձր՝ 12-13-ը   լինել, մյուսի համար՝ համեմատաբար մատչելի: Բայց ֆինանսական շուկան նույնպես ունի իր կանոնները, դա նույնպես բիզնես է»։

Պաշտոնական  վիճակագրության  համաձայն, այս տարվա օգոստոսի 1- ի տվյալներով արտահանման ծավալների  60 տոկոս աճ է  գրանցվել՝ 3,5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Երևանում այսօր

թեթև արդյունաբերության ոլորտում  միջազգային համաժողով էր կազմակերպվել: Մասնակիցները տարբեր երկրների ոլորտի ներկայացուցիչներն են, ովքեր նաև

միջազգային համաժողովի շրջանակներում իրենց հուզող խնդիրներն էին քննարկում:

«Սիգնում» խորհրդատվական  ընկերության  հիմնադիր  տնօրեն Նիկա Մանուկովան ակնկալում է, «որ Հայաստանը դառնա  հարթակ, որ մեր բոլոր համագործակից երկրները Հայաստանի միջոցով կարողանան վարել իրենց բիզնեսը»:  Նիկա Մանուկովայի տեղեկացմամբ, նախատեսում են նաև Վարպետաց դասեր ու Նորաձևության  օրեր  անցկացնել:

Back to top button