
տեղադրված 11.13
լրացված 15.29

Մոտ մեկ ամսից ԱՎԾ-ն կներկայացնի Հայաստանի՝ 2015 թ սոցիալ-տնտեսական պատկերը: Մինչ այդ, փորձագետները 2014 են ամփոփում: Թեման այսօր առավել քան արդիական է, այսօր նշվում է աղքատության դեմ պայքարի միջազգային օրը: Նույն ԱՎԾ տվյալներով, Հայաստանին աղքատության հաղթահարման համար շուրջ 66.2 մլրդ. դրամ է անհրաժեշտ։ Հաջորդ տարվա համար միայն հստակ է, որ կենսաթոշակներն ու նպաստները չեն ավելանալու, ֆինանսական միջոցներն են սուղ: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հիշեցրել է՝ նպաստի բարձրացում չի նախատեսվում, փոխարենը նախատեսվում է գազի և էլեկտրաէներգիայի սակագների փոփոխություն, որտեղ առավելապես հաշվի է առնվելու սոցիալապես անապահով ընտանիքների շահերը:
1987 թ սկսած ամեն տարի նշվում է Աղքատության դեմ պայքարի միջազգային օրը: Մեր երկիրն էլ վերջին տարիներին անմասն չմնաց համաշխարհային միտումներից: Պաշտոնական հայտարարություններում հիմնական մեղավորը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն է: 2015-ի սոցիալ- տնտեսական պատկերը պարզ կլինի մոտ մեկ ամսից, 2014-ի տվյալներով` Հայաստանում աղքատության մակարդակը կազմում է 30 տոկոս: Իսկ ավելի պատկերավոր՝ մեր երկրում տասը բնակչից երեքը ամսական 40.264 ՀՀ դրամից ավելի քիչ գումար են ծախսել: Հայաստանի բնակչության սոցիալական պատկերը խտանում է, երբ քայլերդ կամ դեպի փողոց ես ուղղում, կամ էլ՝ որևէ մարզ ես այցելում: Հոգսի տակ կքած ու գործազուրկ բնակիչներ, որոնց հույսը հիմնականում ՌԴ-ից եկող գումարներն են կամ էլ թոշակն ու նպաստը: Սոցիալական բեռն այնքան է խորացել, որ երիտասարդներն անգամ մոռացել են սեփական ընտանիք կազմելու մասին:
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը աղքատության դեմ պայքարի արդյունավետ միջոց չի համարում սոցիալապես անապահով ընտանիքներին միայն նպաստների տրամադրումը: Նա կարծում է, որ նախ պետք է գործազուրկին շուկայում մրցունակ դարձնել, ընդգրկել ակտիվ ծրագրերում և որպես վերջին միջոց միայն նպաստ տրամադրել: Զրուցակցիս խոսքով՝ նպաստի գումարով կարող ես մեղմել, բայց ոչ երբեք ընտանիքին դուրս բերել աղքատությունից: Ի դեպ, Հայաստանում միայն նպաստների տրամադրման համար տարեկան շուրջ 37 մլրդ դրամ է ծախսվում:
Հայաստանի՝ 2014-ի սոցիալ-տնտեսական պատկերը ներկայացնելիս ԱՎԾ նշում էր, որ աղքատության հաղթահարման համար Հայաստանին անհրաժեշտ է շուրջ 66.2 մլրդ. դրամ կամ ՀՆԱ-ի 1.4 % կազմող գումար։ Սա ի հավելումն արդեն իրականացվող սոցիալական ծրագրերի: 2,5 մլրդ դրամ էլ պահանջվում է ծայրահեղ աղքատների թիվը նվազեցնելու համար: Զրուցակիցս կարծում է, որ դա զուտ ԱՎԾ կողմից իրականացրած թվաբանական գործողություն է։ Ի՞նչ եք կարծում, այդ գումարները պետք է բյուջեից ուղղակիորեն տրվեն աղքատ ընտանիքներին, թե հնարավորություն տրվեր սոցիալ-տնտեսական գործունեության արդյունքում ձեռք բերել այդ գումարները՝ հարց է տալիս Մինասյանն ու ինքն էլ պատասխանում:
Զբաղվածության տարբեր ծրագրեր են իրականցվում, որոնց միջոցով քաղաքացիներին հնարավորություն է տրվում աշխատանքի միջոցով հաղթահարել ընտանիքի աղքատությունը:
Ամենախոցելի խմբում կենսաթոշակառուներն ու անապահով ընտանիքներն են: Ամեն տարեվերջին նրանք սպասում են հաջորդ տարվա սկզբին, երբ թեկուզ հազար դրամով կբարձրանա թոշակն ու նպաստը: 2017-ից սակայն նման ակնկալիք որևէ մեկը չի կարող ունենալ. ֆինանսների նախարար Վարդան Արամյանը շատ հստակ է հայտարարել՝ պարտք չեն վերցնի ու թոշակ և նպաստ չեն բարձրացնի:
ԱՍՀՆ սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը հիշեցնում է՝ թեկուզ հազար դրամով, սակայն օգոստոսի մեկից նպաստները բարձրացել են: Ավելին , հիշեցնում՝ վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարությունը սոցիալապես խոցելի խմբերի համար գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հարցն էր: Հիշեցնենք, կառավարության սեպտեմբերի 15-ի նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էներգետիկայի ու բնական պաշարների, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություններին հանձնարարել էր համատեղ քննարկել ու առաջարկություններ ներկայացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին:
«Պետք է սոցիալապես անապահով խավերի համար սակագինը մաքսիմալ նվազեցնել` ի հաշիվ այլ սպառողների: Անհրաժեշտ է ապահովել սակագների խթանիչ ազդեցությունը բիզնեսի, հատկապես գյուղատնտեսության և վերամշակող ճյուղերի համար»,- ասել էր Կարապետյանը:
Իսկ ԱՍՀ նախարար Արտեմ Ասատրյանը օրերս հայտարարեց, որ մոտ մեկ ամսվա ընթացքում կլինեն հստակեցված մոտեցումներ:




