
Քրդական զորամիավորումները (փեշմերգա) ու իրաքյան զորքերը լայնամասշտաբ գործողություն են սկսել Մոսուլ քաղաքի մոտ՝ նպատակ ունենալով մաքրել իրաքյան Նայնավա նահանգն ու դրա վարչական կենտրոն համարվող Մոսուլն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, այս մասին Twitter սոցկայքի միջոցով տեղեկացրել է քրդական հրամանատարությունը:
«Մոտավորապես ժամը 06:00-ին Մոսուլից դեպի արևելք ընկած Խազերում տեղակայված քրդական ուժերն ու Մոսուլից դեպի հարավ ընկած Գվերում և Գայարայում գտնվող անվտանգության իրաքյան ուժերը սկսել են համակարգված լայնամասշտաբ գործողություն, որն ԻՊ-ի ահաբեկիչներից Նայնավան ազատագրելուն ուղղված առաջին քայլն է»,-նշվում է թվիթերյան հաղորդագրությունում:
Աղբյուրը մանրամասնում է, որ Խազերում կենտրոնացված է մոտ 4.000 քուրդ զինյալ, որոնք Իրաքի դաշնային կառավարության հետ կնքած համաձայնագրի շրջանակում պետք է 3 ռազմաճակատում ազատագրեն իսլամիստների գրաված գյուղերը:




