
Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամն այսօր հայտարարել է սիրիահայության աջակցելու իր նոր նախաձեռնության մասին՝ տարածելով հայտարարություն։ Հիմնադրամը այդ նպատակով հատկացնում է 250 հազ. դոլար, ինչպես նաեւ կազմակերպում դրամահավաք։
«Սիրիայի հակամարտությունը երկար է տեւում, այդ երկրում բնակվող հայերի խնդիրների լուծումը բարդանում է տարբեր դիրքորոշումների եւ շահերի պատճառով, սակայն մենք մեր հայրենակիցների կյանքերի փրկությունը համարում ենք բացարձակ առաջնահերթություն: Միեւնույն ժամանակ, մենք հարգում ենք ապագայի վերաբերյալ սեփական որոշումներ կայացնելու սիրիահայերի իրավունքը:
Ի լրումն այն ջանքերի, որոնք ձեռնարկվում են պետական, հանրային եւ միջազգային մակարդակներում, IDeA հիմնադրամն այս փուլում կհատկացնի $ 250 000, որոնք կբաշխվեն հակամարտության ամենասկզբից օգնության ջանքեր ծավալած ռազմավարական գործընկեր Հայ Ընդհանուր Բարեգործական Միության (ՀԲԸՄ) եւ Հայաստանում սիրիահայերին աջակցության ծրագրեր իրագործող RepatArmenia, Mission Armenia, «Հալեպ» կազմակերպությունների միջեւ` հետեւյալ ուղղություններով ծրագրերի մշակման եւ իրագործման համար.
— աջակցություն նրանց, ովքեր շարունակում են մնալ Սիրիայում (ՀԲԸՄ);
— աջակցություն նրանց, ովքեր ժամանակավոր ապաստան են փնտրում Սիրիայի սահմաններից դուրս (Mission Armenia);
— աջակցություն նրանց, ովքեր որոշել են տեղափոխվել Հայաստան («Հալեպ»);
— աջակցություն Հայաստանում ինտեգրվելու ու աշխատանք գտնելու հարցում («Repat Armenia»):
Միջոցները բաշխվելու են յուրաքանչյուր ծրագրի ծավալի եւ յուրահատկության համապատասխան։
Բոլոր ցանկացող անհատներն ու կազմակերպությունները կարող են միանալ այս նախաձեռնությանը, վերոնշյալ կազմակերպություններին ուղիղ նվիրատվության, կամ էլ IDeA-ի հատուկ հաշվեհամարների միջոցով: Գործընկեր-կազմակերպությունների եւ IDeA-ի հաշվեհամարների մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է այս հղումով:
Անհատներն ու կազմակերպությունները, որոնք ցանկանում են աջակցել ՀԲԸՄ-ին, Mission Armenia, «Հալեպ» եւ Repat Armenia կազմակերպություններին կացարանի կամ աշխատատեղի տրամադրման, դասընթացների կազմակերպման միջոցով կարող են իրենց առաջարկներն ուղղել [email protected] էլ. փոստով կամ +374 (0) 60 700801 հեռախոսահամարով»:




