
Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Քարոզարշավի առաջին փուլի համար «Մի լռեք» կարգախոսն ընտրած նախագահի թեկնածու Արման Մելիքյանը թեև քարոզարշավ չի իրականացնում, սակայն չի էլ պատրաստվում լռել: «Կօգտագործեմ հանրային հեռուսատեսության ու հանրային ռադիոյի ընձեռած անվճար եթերաժամերը, որպեսզի ներկայացնեմ, թե իմ կողմից բարձրացված ընտրությունների օրինականության հարցին ինչ ընթացք կտրվի»,- ասաց: Արման Մելիքյանը ունի նաև քարոզարշավի երկրորդ փուլի համար նախատեսված կարգախոս `«Նոր հայացք, նոր կենսակերպ» կարգախոսի ներքո էլ թերևս փետրվարի 8-ին ի վերջո կորոշի լինելու է արդյոք իր անունը քվեաթերթիկում, թե՞ ոչ. Իսկ մինչ այդ. «Սա որևէ մեկին մրոտելու նպատակ չունի: Մենք խոսում ենք հարյուր հազարավոր մարդկանց քվեներն օգտագործելու մասին»: Փորձագետների մի նեղ շրջանակ փորձում է որոշել, թե ինչպես պետք է անցկացնել ընտրություններ, սակայն մատնանշած ուղին ըստ Արման Մելիքյանի սխալ է, քանի որ դա կխորացնի վիհը իշխանության ու ժողովրդի միջև:
Ընտրությունների օրինականության հարցը կորևորող Արման Մելիքյանը թեև քարոզարշավ չի իրականացնում, սակայն տարբեր հարցերի լուծման նպատակով հանդիպում է տարբեր խնդիրներ բարձրացրած մարդկանց հետ: «Արդարադատության համակարգը Հայաստանում մեռած է, և որևէ մեկը պաշտպանված չէ» փախստականների հետ հանդիպումից հետո համոզվել է Արման Մելիքյանը: Դատական համակարգն ի վիճակի չէ տարածքային կառավարման փոխնախարարին կարգի հրավիրել, որ դատարանի ներկայացրած պահանջները կատարվեն. «Մարիետա Սարդարյանին վտարել են հանրակացարանից: Բարձրաստիճան պաշտոնյայի անձնական նախաձեռնությամբ»: Եվ այսպես, նախագահի թեկնածու Արման Մելիքյանը քարոզարշավ չի իրականացնում, սակայն զբաղված է ՀՀ արդարադատության և օրինականության ապահովման հարցերով:




