Հասարակություն

Վարչապետը դպրոցների տնօրենների ընտրության հարցում խնդիրներ է տեսնում

hasmikdilanyan
Կառավարության այսօրվա նիստում, մինչ օրակարգի հարցերին անցնելը, ՀՀ  վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց Վարդան Հարությունյանին ՊԵԿ-ի նախագահ նշանակվելու կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնեց, որ  համաձայնել է համատեղ աշխատանքի:  Վարչապետը շնորհավորեց նաեւ  Արսեն Հարությունյանին ՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ ցանկացավ արդյունավետ աշխատանք:

Այս շաբաթ առանձնացվել է երեք ոլորտ՝ կրթությունը, սոցիալական պաշտպանությունն ու սպորտը: Կրթության ոլորտի պատասխանատուներին՝ ԿԳ նախարարությանը, մարզպետերին ու Երևանի քաղաքապետին վարչապետը առաջարկել է յոթնօրյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել՝ հանրակրթական հաստատությունների տնօրենների ընտրության գործընթացում ազգակցական կապերի, հովանավորչության և շահերի բախման երևույթների ուղղությամբ:

«Թե ինչի մասին է խոսքը բոլորդ շատ լավ հասկանում եք»,- ասել է վարչապետն ու մեկ անգամ ևս մանրամասնել՝ մայր ու աղջիկ նույն դպրոցում են աշխատում: Պետք է տարբերակել, թե որ դեպքում է օբյեկտիվ, որ դեպքում՝ սուբյեկտիվ»,-առաջին հանձնարարությունն ավարտել է Կարեն Կարապետյանը:

Մեկ այլ հանձնարարականով էլ ԿԳ նախարարը պետք է գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում ապահովվի շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հեռահաղորդակցային կապի իրականացումը՝ մշակելով տվյալ դպրոցի հետ համապատասխան ուսուցողական ծրագրերի կիրառման մեխանիզմները:

«Մենք ունենք ՊՈԱԿ, որը ապահովել է կամուրջների կապը բոլոր մեր դպրոցներ հետ, և ցավոք սրտի կարծում եմ, որ այս պահին էֆեկտիվ չենք օգտագործում»,-ասաց նա և նշեց, որ կառավարության ծրագրում հստակ ձևակերպել են, թե որտեղ ուսուցիչների, համապատասխան մակարդակի պակաս կա՝ տալ հնարավորություն երեխաներին այս դասընթացն իրականացնել: «Կարծում եմ ճիշտ բան են անում, լավ բան ենք անում և հետևողական ենք լնելու»,-հավելել է վարչապետը:

Սոցիալական պաշտպանության ոլորտի հետ կապված հանձնարարություն է ստացել նաև աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Հաշվի առնելով ժամանակակից ՏՏ հնարավորությունները՝ ծառայությունները պետք է դարձնել ավելի հասանելի: Հհանձնարարում եմ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարին, առաջինը առաջարկություններ ներկայացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց եղանակով դիմելու հնարավորության վերաբերյալ: Երկրորդ՝ համապատասխան աշխատանքներ տանել և հնարավորություն ստեղծել, որպեսզի կենսաթոշակի և նպաստ նշանակելու դիմումը ներկայացվի ցանկացած տարածքային բաժին՝ անկախ շահառուի հաշվառման վայրից»:

Սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանն էլ տասնօյա ժամկետում պետք է ուսումնասիրի մարզական ՀԿ-ներին մարզական բնույթի միջոցառումներ կազմակերպելու, պարգևատրումներ կատարելու համար պետական բյուջեից հատկացվող միջոցների ծախսման արդյունավետությունը, դրանց հիմնավորվածությունը, և կրճատի անարդյունավետ և չհիմնավորված ծախսերը:

«Կրճատման արդյունքում խնայված միջոցները սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացման ուղղելու նպատակով ներկայացնել միջոցառումների ծրագիր և գումարներ»,-հանձնարարել է Կարեն Կարապետյանը:

«Մասսայական սպորտի, առողջ ապրելակերպի ուղղությամբ ամեն օր պետք է զգանք, որ այդ ուղղությամբ քայլեր կատարվում են: Խոսել ենք նախարարի հետ, ինքը պետք է ներկայացնի ծրագիր: Ամպագոռգոռ բաներ չեմ ուզում ասել, բայց եթե պետք է՝ նույնիսկ ազգային ծրագիր, հանրապետական ծրագիր, որպեսզի դա դառնա մեր կյանքի ապրելակերպը»,- ասել է Կարեն Կարապետյանը, գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարելով մաքսիմալ բաց ու թափանցիկ աշխատել մամուլի հետ:

Կարդացեք նաև

Back to top button