ԿարևորՔաղաքական

Գյումրիի ավագանիում մանդատների բաշխման հարցը կարող է հասնել Սահմանադրական դատարան

lusinevasilyan

Գյումրիում և Վանաձորում  նորընտիր ավագանիների առաջին նիստերը ցույց տվեցին, որ  հետընտրական կրքերն ամենևին հանդարտված չեն: Գյումրիում ընտրության անցողիկ շեմը հաղթահարած 3 ընդդիմադիր ուժերը բոյկոտում են  ավագանու նիստերը և հայտարարում, որ  պատրաստվում են դատական կարգով   վիճարկել ընտրության արդյունքները:  Վանաձորում դատարան դիմելու մասին ընդդիմադիրները չեն խոսում, բայց բոյկոտի մասին հայտարարում են: Այս դեպքում դրա  նպատակն այլ է՝ ընդդիմադիրներն այս կերպ փորձում են  պարզել, թե ովքեր են ավագանու ընդդիմադիր անդամներից  փակ գաղտնի քվեարկության ժամանակ  ձայն տվել իշխող կուսակցությանը:  Բայց  կա նաև գլխավոր հարցը ՝ ձայների հաշվման և մանդատների բաշխման մեխանիզմը տարակարծությունների տեղիք է տվել  և տարբեր կերպ է մեկնաբանվում: Որն է պատճառը. մեղավոր է օրե՞նքը, թե՞ դրա մեկնաբանություններն են հայեցողաբար արվում:

 

Գյումրիում և Վանաձորում տեղի ունեցած ընտրություններից հետո  ի հայտ եկած բազմաթիվ հարցերից  մեկը վերաբերում է օրենսդրությանը, մասնավորապես «Ընտրական օրենսգրքի» այն հոդվածին, որը կարգավորում է ձայների հաշվման և մանդատների բաշխման գործընթացները:

Օրենսդրական նույն կարգավորումը տարբեր մեկնաբանություններ է ստանում: Ավագանի անցած 3 ընդդիմադիր ուժերը՝ «Բարգավաճ Հայաստանը», «Հայկական վերածնունդը» և ԳԱԼԱ- համոզված են, որ մանդատների բաշխումը կատարվել է հօգուտ  «Բալասանյան դաշինքի», որը պետք է ոչ թե 17, այլ 15 մանդատ ստանար։  Իշխանության ներկայացուցիչները նույն «Ընտրական օրենսգրքի» նույն 141-րդ հոդվածին հղում կատարելով նշում են, որ հաշվարկն ըստ օրենքի պահանջների է կատարվել: Այսինքն, նույն դրույթի վերաբերյալ հակասական մեկնաբանություններ են արվում և հակասական փաստարկներ են բերվում:

Ինչպես են իրավիճակը մեկնաբանում մասնագետները:

«Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը  «ոմանց համար վիճելի, ոմանց համար հստակ» կարգավորումներին անդրադառնալով հիշեցնում է, որ տարընթերցումների առիթ տվող  դրույթները «Ընտրական օրենսգրքի»  141-րդ հոդվածի  4-րդ և 5-րդ մասերն են: «Դրանք  միմյանց չեն հակասում, սակայն այս նորմը տալիս է տարընթերցման հնարավորություն, ուրեմն իրավական անորոշության հետ գործ ունենք:

Վիճահարույց դրույթը վերաբերում է այն իրավիճակին, երբ  մանդատների բաշխման արդյունքով կուսակցություններից  որևէ մեկը բացարձակ մեծամասնություն չի ստանում: Այս իրավիճակի համար օրենսգիրքը մի դեպք հստակ առանձնացրել է՝  եթե կուսակցություններից մեկը  ստացել է  տեղերի 40 տոկոսից ավելին, սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա նա բոնուսային այնքան մանդատ է ստանում, որքան անհրաժեշտ է մեծամասնություն դառնալու համար: Ընդ որում, այդ մանդատները տրվում են մյուս կուսակցությունների հաշվին:

Ի դեպ, սա նոր դրույթ չէ։ Հին «Ընտրական օրենսգրքից» պահպանված մեխանիզմ է, որը կիրառվել է նաև Երևանի ավագանիի ընտրություններում: Այն ժամանակ պարզապես նորմը խնդիր չի առաջացրել, քանի որ իշխող կուսակցությունը բացարձակ մեծամասնություն է ունեցել: «Գյումրու ընտրություններ ժամանակ բացահայտվեց այս նորմի թերի կարգավորումը: Այս նորմը տանում է փակուղային իրավիճակի: Այստեղ խնդիրն այն է, որ 141-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի միմյանց հետ զուգահեռ կիրառությունը հակասություն է առաջացնում: Կարող ենք ասել, որ ընտրատարածքային հանձնաժողովը գործել է լայն հայեցողության շրջանակում և կայացրել է  բազմաթիվ հնարավոր որոշումներից մեկը»,- ասում է Հերիքնազ Տիգրանյանը։

Ընտրատարածքային հանձնաժողովը ԸՕ համապատասխան նորմը մեկնաբանել է ոչ թե հայեցողաբար, այլ ողջամտության սահմաններում ՝ հավատարիմ մնալով օրենքի տառին՝ սա արդեն ԿԸՀ անդամ Արմեն Սմբատյանի մեկնաբանությունն է: Նրա գնահատմամբ՝ վիճահարույց հոդվածը հստակ է, հանձնաժողովի աշխատանքին չի խանգարում, իսկ եթե հակասական մեկնաբանությունների տեղիք է տալիս, ապա դրանց հասցեատերը հանձնաժողովները չեն:

Ընդդիմադիրները որոշել են հարցն  ուղղել այլ հասցեատերերի:  Նրանք պատրաստվում են դիմել նաև վարչական դատարան, ապա նաև հարցը դարձնել Սահմանադրական դատարանի քննության առարկա:

Կարդացեք նաև

Back to top button