

Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին ընդառաջ ուշագրավ հայտարարություններ են հնչում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երևանում ընդգծել է, որ գլոբալ անվտանգության համակարգը փլուզված է, քանի որ խոշոր խաղացողների միջև երկխոսություն չկա։ «Մենք ապրում ենք բարդ ժամանակներում, որը վերլուծության չի ենթարկվում: Դադարեցված են առաջատար միջազգային խոշոր խաղացողների միջև կապերը, երկխոսությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի, թմրանյութի անօրինական շրջանառության և այլ մարտահրավերների վերաբերյալ»,- պարզաբանել է նա:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ մենք ականատես ենք լինում մի շարք հակասությունների, երբ օրինակ, որևէ պետություն ներկայանում է ահաբեկչության դեմ պայքարի դիրքերից, բայց զինամթերք է մատակարարում ահաբեկչական խմբերին ասել է Բորդյուժան: Մեկ այլ ուշագրավ հայտարարություն էլ արել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցով: Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ՀԱՊԿ-ի անմիջական քննության առարկա հարց չէ:
Նա մատնացույց է արել ՄԽ-ին, որի շրջանակներում է կարգավորման գործընթացը: Նա միևնույն ժամանակ նշել է, որ իհարկե ՀԱՊԿ պետությունների ԱԳ նախարարների խորհրդում և այլ ձևաչափերով, ԼՂ հակամարտության հարցը բարձրացվել է և քննարկվել ամենաբարձր մակարդակով: Ինչ վերաբերում է ավելի ակտիվ գործողությունների մասին հարցին, Սեմերիկովը հորդորել է բոլորին կարդալ կանոնադրության 4-րդ կետը, ըստ որի՝ որոշումները կայացվում են կոլեկտիվ և այն ժամանակ, երբ տվյալ պետությունը դիմում է»: «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում որոշ պարզաբանումներ ներկայացրեց այս առնչությամբ.




