Միջազգային

Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Պուտինի Փարիզ այցը չեղարկելու կապակցությամբ

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան- Մարկ Էյրոն իր ափսոսանքն է հայտնել Փարիզ Ռուսաստանի նախագահի Վլադիմիր Պուտինի այցը չեղարկելու կապակցությամբ: Europe 1 ռադիոկայանի եթերում դիվանագետը նշել է, որ հասկանում է, թե ինչ բարդ է Պուտինի համար Փարիզ մեկնելը: «Մենք հակված էինք քննարկելու նրա հետ Սիրիայում տիրող իրավիճակը: Նա հրաժարվեց գալ, դա պետք է արձանագրել: Ես ափսոսում եմ նրա որոշման համար: Կոչ եմ անում Ռուսաստանին դադարեցնել Բաշար Ասադին աջակցությունն ու Միանալ ահաբեկչության դեմ պայքարող միջազգային կոալիցիային», ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը:

Նախօրեին Ռուսաստանի նախագահը չեղյալ էր հայտարարել հոկտեմբերի 19-ին Ֆրանսիա նախատեսված այցը, քանի որ ֆրանսիական կողմը  ավելի վաղ հայտնել էր, թե նախագահ Օլանդը Պուտինի հետ կքննարկի միայն Սիրիայի հարցը, իսկ մյուս բոլոր միջոցառումներին Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ ներկա լինել հրաժարվել էր՝ պայմանավորելով իր քայլը Հալեպում Ռուսաստանի գործողություններով:

Back to top button