

Միջազգային հարթակում ներկայացնել հայ մշակույթը մեր լավագույն կոլեկտիվների միջոցով. մշակույթի նախարարության հիմնական դերը՝ ըստ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի: «Ռադիոլուրի» հետ զրույցում արվեստագետը խոսել է այն խնդիրների մասին, որոնք մշուշում են հայ արվեստագետի լիարժեք ստեղծագործական կյանքը:
«Արվեստագետը չի կարող լիարժեքորեն տրվել իր գործին, եթե ստիպված է միաժամանակ մի քանի տեղում աշխատել: Արվեստագետի սոցիալական խնդիրն այսօր ամենացավոտն է մեր կյանքում»,- Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանն այս առումով դրական փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում: «Հակառակ դեպքում ստացվում է այնպես, որ մենք ապրում ենք ոչ թե ստեղծագործական , այլ խնդիրներ լուծելու կյանքով»,- ասում է արվեստագետը:
Կարևորագույն մեկ այլ խնդիր, որը ևս շեշտում է։ «Այնպիսի փոքր երկրում, ինչպիսին Հայաստանն է, ակադեմիական արվեստի բոլոր ներկայացուցիչները պետք է մեկ գերնպատակ ունենան: Եթե Ֆրանսիայի ազգային ռադիոյի եթերի 51 տոկոսը, պարտադիր պահանջի համաձայն, լցված է ֆրանսիական երաժշտությամբ, ապա այդ երկիրն իրականացնում է քաղաքականություն, և շատ ճիշտ քաղաքականություն: Ես կոչ եմ անում մեր արվեստագետներին՝ շեշտը դնել հայկական երաժշտության վրա: Կատարել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները»:
«Չեմ բողոքում, հայ ակադեմիական երաժշտական կյանքն այսօր անհամեմատ լավ վիճակում է, քան խորհրդային տարիներին: Միայն մենք տարեկան 30 համերգ ենք ունենում: Քիչ չեն նաև արտասահմանյան հյուրախաղերը: Խնդիրն այն է, որ դրսում ներկայացնենք մեր լավագույնը»,- ասում է կամերային նվագախմբի ղեկավարը՝ հայ երաժշտության հանրահռչակման իր կոչն ուղղելով ակադեմիական արվեստի բոլոր կոլեկտիվներին և անհատներին:
Իսկ որն է այս ամենում մշակութային գերատեսչության դերը: «Նպաստել նրան, որպեսզի Հայաստանն արտասահմանում առավել հաճախ ներկայացնեն մշակութային բարձրարժեք կոլեկտիվները». Ռոբերտ Մլքեյանի տեսակետն է: Իր մտահոգություններն ու առաջարկությունները նա փոխանցել է նաև մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին: Հանդիպումից հետո լիահույս ու լավատես է. «Ես հասկացա, որ առկա է մասշտաբային մտածելակերպ: Նա անմիջապես որսում է առողջ առաջարկն ու տանում առաջ՝ սա արվելու է, վերջ, սկզբունքով: Շատ տպավորված եմ և հույս ունեմ, որ այսպես կշարունակվի ու կդառնա մշտական գործելակերպ»:
Մշակույթի նախարարության հիմնական դերը, ըստ Ռոբերտ Մլքեյանի, միջազգային հարթակում ներկայացնել հայ մշակույթը մեր լավագույն կոլեկտիվների միջոցով:




