Հասարակություն

Հայրապետյանի գործով արդեն դիմում է ուղարկվել ՄԻԵԴ. իրավապաշտպան

karenghazaryan
Հայազգի գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանին արդեն 2 ամիս է, ինչ տեղափոխել են ավելի սարսափելի պայմաններով բանտ՝ Մարդովիայի բանտը: Նրա առողջական վիճակը որոշակիորեն գնահատվում է լավ, սակայն, բժիշկներն ասել են, որ եթե անտարբերությունը շարունակվի, ապա  հետեւանքը գուցե անդառնալի լինի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է իրավապաշտպան Հայկազ Մակարյանը: Լրագրողների հետ հանդիպմանը մասնակցել է նաեւ Լեւոն Հայրապետյանի 14-ամյա դուստրը՝ Զարուհի Հայրապետյանը:

 

Դատարանն այդպես էլ չկարողացավ ապացուցել Լեւոն Հայրապետյանին առաջադրված խարդախության մեղադրանքը, սակայն վերջինս շարունակում է մնալ անազատության մեջ եւ պահվում է անմարդկային պայմաններով բանտում: Իիրավապաշտպան Հայկազ Մակարյանը կոչ է անում բարերարի նկատմամբ ուշադրությունը չթուլացնել, քանի որ դա բոլորի բարոյական շահն է, նաեւ՝ իշխանությունների, քանի որ Հայրապետյանի գործունեությունն ուղղված է Հայաստանի եւ Արցախի շենացմանը եւ, իրավապաշտպանի տպավորությամբ, հենց այդ գործունեությունը կասեցնելուն է ուղղված ամեն ինչ:

Անդրադառնալով Լեւոն Հայրապետյանին առաջադրված մեղադրանքին՝ բարերարի դուստրը՝ 14-ամյա Զարուհի Հայրապետյանն ասաց, որ պայքարում է իր հայրիկի ազատության համար եւ համոզված է, որ նա մեղավոր չէ. «Հպարտությամբ եմ քայլում այս քաղաքում, քանի որ ավելի քան համոզված եմ, որ հայրս հանցանք չի գործել: Երկու տասնամյակից ավել է, ինչ հայրս  իր գործունեությամբ ապացուցել է, որ Հայաստանն ու Արցախը մեկ ամբողջություն են: Նա Արցախում ստեղծել է մի դրախտավայր, որից օգտվում են մեր բոլոր հայրենակիցները»:

Երբ ազատվեմ, վերադառնալու եմ Արցախ եւ շարունակեմ իմ բարի գործերը՝ դստեր հետ հեռախոսազրույցում ասել է Լեւոն Հայրապետյանը: Բարերարը դստերը հեռախոսազրույցում ասել է նաեւ, որ չնայած ծանր հոգեվիճակին` միշտ կանգնած է Արցախի կողքին: Զարուհի Հայրապետյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ կալանավորումից հետո դա եղել է հոր հետ միակ հեռախոսազրույցը:

«Առողջական վիճակը, բնականաբար, այդ պայմաններում չի կարող լավ լինել, բայց նա շատ ուժեղ է եւ, կարծում եմ, որ այս փորձությունն էլ կհաղթահարի»:

Բարերարի դուստրը նաեւ ասաց, որ տեսակցությունն առանց պատճառաբանության արգելված է:

Իրավապաշտպան Հայկազ Մակարյանը տեղեկացրեց, որ ըստ Լեւոն Հայրապետյանի փաստաբանների` հույսեր կան, որ մինչեւ տարեվերջ նա ազատ կարձակվի: Փաստաբաններն ապշած են, որ հանցակազմի բացակայության պայմաններում Հայրապետյանին պահում են կալանքի տակ՝ փոխանցեց իրավապաշտպանը:

«Փաստաբաններն ուղղակի ապշած են, որ հանցակազմի բացակայության պայմաններում՝ չկա որեւիցե գործոն, որ նրա հանցանքն ուղղակի ապացուցի, սակայն նրան պահում են: Փաստաբանները շվարած են եւ, ուղղակի, պայքարում են: Ասում են, որ դատարանը, պարզապես, հետաձգում է»:

Մամուլի հրապարակումներից հայտնի է, որ Մորդովիայի բանտը Ռուսաստանի այլ բանտերից տարբերվում է իր անմարդկային ու սարսափելի պայմաններով: Հայտնի է, որ այս կալանավայրում կալանավորների սպանությունների, խոշտանգումների, ինքնասպանությունների դեպքերը տարեցտարի ավելանում են:

Իրավապաշտպան Հայկազ Մակարյանը ասաց, թե որոշ տեղեկությունների համաձայն` Հայրապետյանի գործով արդեն դիմում է ուղարկվել ՄԻԵԴ:

Back to top button