
Շնորհավո՜ր տոնդ, իմ ջերմ ու բարի քաղաք
Մայրաքաղաքի ծննդյան 2798-ամյակին նվիրված տոնական միջոցառումները եզրափակվել են արևային մեր մայրաքաղաքի երկինքը զարդարող շքեղ հրավառությամբ:
Արևային քաղաքի տոնին նվիրված ֆլեշմոբեր՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում
Երևանի 2798-րդ տարեդարձի առթիվ մայրաքաղաք տարբեր հատվածներում ժամը 14:00-ից տարբեր ժամերի տոնի մասնակից դարձած անցորդներին Երևանի քաղաքապետարանի կողմից հետաքրքիր անակնկալ է սպասել՝ ֆլեշմոբեր:
Երաժշտական, պարային կատարումներով, ասմունքով, մարզական համարներով ֆլեշմոբերն անտարբեր չեն թողել քաղաքացիներին, ովքեր միացել և ամբողջացրել են տոնական տրամադրությունը:
Ֆլեշմոբեր են կազմակերպվել նաև ազգային գործիքներով՝ դուդուկներով և պարկապզուկներով:
Մայրաքաղաքի տոնը՝ Էրեբունի ամրոցի հարևանությամբ
Մայրաքքաղաքի 2798-ամյակին նվիրված միջոցառումներն Էրեբունի փողոցում շարունակվել են նաև երեկոյան:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից բեմահարթակում «Արևի քաղաք» խորագրով համերգային ծրագրի ընթացքում հնչել են հայկական ժողովրդական երգեր:
Շուրջ 3 ժամ շարունակվող միջոցառումն իր շուրջն է համախմբել ինչպես Էրեբունի վարչական շրջանի բնակիչներին, այնպես էլ մայրաքաղաքի տոնը նշելու համար տարբեր հատվածներից Էրեբունի շտապած բնակիչներին:
«Էրեբունի—Երևան 2798». դասական երաժշտություն` Կոնսերվատորիայի պուրակում
Երևանի 2798-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքում մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղակայված բեմերում ներկայացվել են համերգային տարաբնույթ ծրագրեր:
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարակից պուրակում տեղադրված բեմահարթակն արդեն երեկոյան իր շուրջն էր համախմբել դասական երաժշտության սիրահարներին՝ ունկնդրելու պրոֆեսիոնալ նվագախմբերի ու անհատների կատարումները:
Բեմում էին հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մենակատարները և Երևանի պետական կամերային երգչախումբը:
«Հռոմից հին մայրաքաղաքը» փաստավավերագրական ֆիլմը՝ Կարապի լճի էկրանին
«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության միջոցառումների շրջանակում Կարապի լճի տարածքում տեղադրված մեծ էկրանին ցուցադրվել է «Հռոմից հին մայրաքաղաք» փաստավավերագրական ֆիլմը: Ֆիլմում ներկայացված է Երևանի պատմությունը՝ վաղ շրջանից մինչ մեր օրերը: Հռոմից հին մայրաքաղաքի հիմնադրման մասին են խոսում նաև բազմաթիվ օտարազգի գիտնականներ: Արևմտյան Հայաստանում, Իրանում, եվրոպական և մի շարք այլ քաղաքներում կատարված նկարահանումները ամբողջացվել են մեկ ֆիլմում, որը մանրամասն նկարագրում է Արևի քաղաք Երևանի 2798-ամյա պատմությունը:
Կինոդիտող մեր համաքաղաքացիները նշել են, որ թեև մայրաքաղաքի պատմությանը լավատեղյակ լինելը յուրաքանչյուր բնակչի պարտքն է, նման ձևաչափով Երևանի պատմության ներկայացումը կարևոր է նաև մայրաքաղաք այցելող զբոսաշրջիկներին մատուցելու համար:
Ազգագրական պարերի տոնական շքերթ Ազատության հրապարակում
Ազգագրական պարերը ևս տոնական Երևանի անբաժանելի մասնիկն են: Ազատության հրապարակի բազմաթիվ միջոցառումներից մեկն ազգագրական պարերի տոնական շքերթն էր: «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի անդամները գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ ոչ միայն պարում էին, այլ նաև ուսուցանում հայկական լեռնաշխարհի ավանդական հայկական պարեր ու պարային շարժումներ, ներկայացնում դրանց ծագումնաբանությունը: Ազգագրական պարը համակել էր բոլորին. Ազատության հրապարակը պարում էր:
Ավանդական հեծանվավազքը` տոնական միջոցառումների շարքում
Մայրաքաղաքի տոնական միջոցառումների շարքում սպասվածներից մեկն էլ տոնական հեծանվավազքն է, որն այս տարի մեկնարկել է Արգիշտիի փողոցից և Իտալիայի փողոցով հասել Հանրապետության հրապարակ: Մարզիկները վերադարձել են նույն երթուղով և վերջնականգառն էլ կատարել դարձյալ Արգիշտիի փողոցում: Հեծանվորդների խումբը տոնական երթն անցկացրել է Երևանի դրոշներով:
«Արևային ջազ»՝ Կասկադում
Քաղաքամայր Երևանի 2798-րդ տարեդարձի առթիվ Երևանի քաղաքապետարանը, «Հայկական ջազի ասոցիացիայի» հետ համատեղ հաճելի անակնկալ է մատուցել ջազի սիրահարներին: «Կասկադ» համալիրի տարածքում ջազի բեմահարթակում «Արևային ջազ» խորագրով hամերգային ծրագրի շրջանակում ելույթ են ունեցել հայկական ջազի անհատ կատարողներն ու ջազային նվագախմբերը՝ այդ թվում Երվանդ Երզնկյանը, Արմեն Թութունջյանը(Չիկո), ովքեր ներկայացրել են հայ և արտասահմանցի ջազմենների սիրված կատարումներ:
Տիկնիկների շքահանդես՝ Արևի քաղաքում
«Երևան՝ արևի քաղաք» կարգախոսով վաղ առավոտից մեկնարկած «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում մանուկների համար ևս կազմակերպվել են բազմաբնույթ միջոցառումներ, որոնց շարքն այս տարի համալրվել է նորամուծությամբ՝ տիկնիկների շքահանդեսով: Շքահանդեսի մեկնարկել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանից, որտեղից թումանյանական մանկական ստեղծագործությունների հայտնի հերոսները քայլերթով շարժվել են դեպի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն՝ ճանապարհին ողջունելով և շնորհավորելով փոքրիկ երևանցիներին և անցորդներին: Շքահանդեսն անցել է նաև Սայաթ-Նովա, Աբովյան փողոցներով՝ մինչև Հանրապետության հրապարակ, որտեղ փոքրիկներին սպասում էր ևս մեկ անակնկալ: Այս անգամ տոնական մթնոլորտն ու բարձր տրամադրությունը թումանյանական հերոսները տեղափոխել էին Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարան, որտեղ քիչ անց նրանց միացել են նաև Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները՝ գործիքային կատարումներով և կազմակերպած անակնկալ ֆլեշ մոբով: Շնորհավորելով Երևանի տոնը և իրենց գոհունակությունը հայտնելով նմանատիպ նախաձեռնության համար՝ ծնողները կարևորել են երեխաների համար նմանօրինակ միջոցառումների անցկացումն ու շնորհակալություն հայտնել քաղաքապետարանին՝ բազմաբովանդակ ու հագեցած միջոցառումների ծրագրի համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




