ՄշակույթՑեղասպանություն 100

«Հարյուր դուռ».ցուցահանդեսը՝ Ստեփանակերտում

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հարյուր դուռ» ֆոտոնախագծի հերթական ցուցահանդեսը բացվել է Ստեփանակերտում: Որտեղ եւ երբ էլ որ լինի նախագիծը. հեղինակի՝ ռեժիսոր Խաչիկ Եղոյանի խոսքով, կոչված է հիշեցնելու հայոց բաց վերքի մասին:

 

Արեւմտյան Հայաստան, Արցախ, Ջավախք, Նախիջեւան, Հայաստանի հանրապետություն. սա նախագծի փոքրիկ ստեղծագործական խմբի անցած ճանապարհն է, որ ուրվագծում է հայոց աշխարհի իրական ընդարձակությունը: Խաչիկ Եղոյանը ցավով նշում է, որ չհաջողվեց գոնե մեկ պատկեր ստանալ Նախիջեւանից: Փոխարենը՝ լուսանկարներ ունեն Արեւմտյան Հայաստանից՝ հայոց խոնարհված եկեղեցիներից, որոնց վերհառնումը փոքր ինչ կարող է ամոքել 1915-ին բացված վերքը:

Ստեփանակերտի ցուցահանդեսի այցելուները  նախքան դրա բացումը մագնիս- տախտակներով հավաքեցին  Մշո Առաքելոց վանքի դռան պատկերը, որպես խորհրդանիշ այն բանի, որ մի օր  Հայաստանի պատմության թանգարանում պահվող իրական դուռը կտանեն ու կտեղադրեն իր տիրոջը վերադարձած Մշո Առաքելոց վանքում: Պարգեւ Սրբազանը առաջին զարդաքանդակի պատկերը տեղադրողն էր:

Սեփական ուխտագնացությունը համազգայինի վերածելու գաղափարով է Խաչիկ Եղոյանը սկսել նախագիծը՝ լուսանկարիչ Ռուբեն Մարտիրոսյանի հետ 100 եկեղեցու դուռ լուսանկարելով:

Տեր Շմավոն Քահանա Ղեւոնդյանը ոչ թե եկեղեցու այլ նրա դռան վրա ուշադրություն սեւեռելը պատահական չի համարում. հոգեւոր խորհուրդ կա՝ Քրիստոս ինքը հավատի դուռն է, իսկ ժողովրդական խոսքն ասում է՝ գնալ եկեղեցու դուռը՝ ցուցահանդեսն այդ իմաստով բացառիկ հնարավորություն է համարում եւ յուրօրինակ ուխտագնացության հետ համեմատում Արցախի թեմակալ առաջնորդը. «Հնարավորություն էր այցելել մեր պատմական հարենիքի եկեղեցիները եւ աղոթել, որ դրանք մի օր կվերհառնեն ու կպատկանեն իրեն իսկական տերերին»:

Նախագիծն ամբողջությամբ նվիրված է Հայոց ցեղասապնության 100-րդ տարելիցին, այն ավարտելով 2015 թվականին, հեղինակները որոշել են սկսել ցուցահանդեսների շարք, որի հերթական հանգրվանը Ստեփանակերտն է:

Ցուցահանդեսներ կազմակերպվելու են եւ Հայաստանի մարզերում, Ջավախքում եւ Սփյուռքում: «Գագաթնակետը կլինի Ստամբուլում»,- ասում է Խաչիկ Եղոյանը:

Կարդացեք նաև

Back to top button