
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Սիրիայում Ռուսաստանի գործողությունները եւ Բաշար Ասադի վարչակարգի աջակցությունը պետք է հետաքննել որպես հնարավոր ռազմական հանցագործություն՝ հայտնում է Բի Բի Սի- ն։
Քերին Մոսկվային եւ Դամասկոսին մեղադրել է Հալեպում քաղաքացիական բնակչությանը ահաբեկելու նպատակաուղղված ռազմավարության եւ ռազմական նպատակների իրականացմանը խոչընդոտող ցանկացածի ոչնչացնելու մեջ։
Իր ֆրանսիացի պաշտոնակցի՝ Ժան Մարկ Էրոյի հետ Վաշինգտոնում կայացած համատեղ ասուլիսում Քերին նշել է, որ ունեցած տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 6- ին օդային եւս մեկ հարձակման է ենթարկվել Հալեպի հիվանդանոցներից մեկը, որի արդյունքում սպանվել է 20 մարդ։
Նրա խոսքով՝ ժամանակն է, որպեսզի այդ հարձակումների մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Քերին պնդել է, որ այժմ ավելի քան ակնհայտ է, որ նման հարվածները պատահականության հետ որեւէ կապ չունեն։
Ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր, որ պատրաստ է աջակցել Հալեպում բռնությունների դադարեցմանն ուղղված ՄԱԿ- ի նոր ծրագրին։




