

ԱԺ հերթական քառօրյան այսօր ևս ամփոփվել է ավանդական ճեպազրույցներով: ՏԻՄ ընտրությունների արդյունքում` Վանաձորում ստեղծված իրավիճակը ստվերել է օրենսդրական թեմաները ու խորհրդարանական ուժերը անդրադարձել են առավելապես այս խնդրին: ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն, հիշեցնենք, հայտարարել են, որ Վանաձորում քաղաքապետի ընտրության ժամանակ պատրաստ են աջակցել «Լուսավոր Հայաստանի» թեկնածուին: Սա կարող է հանգեցնել այն իրավիճակին, որ Վանաձորի քաղաքապետի պաշտոնում երկուշաբթի ընտրվի ընդդիմադիր թեկնածուն, իսկ հանրապետական խմբակցությունը ավագանիում դառնա ընդդիմադիր: Կոալիցիոն ուժերի ներկայացուցիչները վստահեցրել են, որ այդ հեռանկարում անհանգստացնող որևէ բան չեն տեսնում, բայց նաև հորդորել են՝ չշտապել, քանի դեռ արդյունքը պարզ չէ:
Վանաձորում ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը հաղթահարած երեք ընդդիմադիր կուսակցությունների՝ «Լուսավոր Հայաստան»-ի, «Հայկական վերածնունդ»-ի և «Բարգավաճ Հայաստան»-ի ավագանու անդամները պատրաստվում են կոալիցիոն համաձայնագրով ամրագրել երեկ ձեռք բերված այն համաձայնությունը, որով խոստանում են պաշտպանել մեկ միասնական թեկնածուի ՝ այս դեպքում ընդդիմադիրներից ամենաշատ ձայները ստացած «Լուսավոր Հայաստան» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանի թեկնածությունը: Դաշինքի դեպքում ընդդիմադիր 3 կուսակցությունների մանդատների թիվն ավելին է, քան` ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ինը միասին: 33 մանդատներից 18-ը ընդդիմադիրներին է, 15-ը՝ ՀՀԿ-ինն ու ՀՅԴ-ինը:
ՀՅԴ խմբակցության ղեկավարը սակայն հորդորում է չշտապել: Արմեն Ռուստամյանն ասում է ՝ բոլոր խաղաքարտերն ընդդիմության ձեռքին են: «Ուրախ եմ, որ այդ համաձայնությունը կա, բայց, մեր դառը փորձը նկատի ունենալով, չէի շտապի դա վերածել միանգամից 17 ձայնի: Այդ համաձայնությունը պետք է առնվազն 17 քվեաթերթիկ նշանակի, քվեարկությունը գաղտնի է , քվեատուփերը կբացվեն, կտեսնենք»:
Արմեն Ռուստամյանը կասկածում է ընդդիմադիրների համաձայնության անկեղծությանը կամ թերևս ամրությանը: Երկուշաբթի նորընտիր ավագանիի նիստում Վանաձորում քաղաքապետն ընտրվելու է փակ գաղտնի քվեարկությամբ ու չի բացառվում, որ ընդդիմադիր 3 ուժերի փաստացի ունեցած 18 մանդատը, որը տեղերի կեսից ավելին է, 18 կողմ ձայն հօգուտ ընդդիմադիր թեկնածուի չդառնա:
«Հայկական վերածնունդ»- ի կամ ՕԵԿ-ի ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանին հարցն ուղիղ տրվեց՝ հնարավո՞ր է, որ հիմա հայտարարեք, թե պաշտպանում եք, բայց քվեարկության ժամանակ ավագանու ձեր անդամներն այլ կերպ քվեարկեն: Քվեարկելու ենք այնպես, ինչպես հայտարարել ենք ՝ եղավ պատասխանը: Իսկ արդյո՞ք ուժի մեջ է ՕԵԿ-ի կողմից ավելի վաղ առաջադրված նախապայմանը ՝ կպաշտպանենք, եթե «Լուսավոր Հայաստանն» էլ խորհրդարանական ընտրություններում ՕԵԿ-ին պաշտպանի:
Դա ոչ թե նախապայման, այլ առաջարկություն էր՝ ասում է Շահգելդյանը: «Մենք խոսել են առաջարկությունների մասին: Համագործակցությունը լայն հասկացություն է: Այսօր մենք խոսել և համաձայնության ենք եկել միայն այս հարցի շուրջ, բայց կարծում եմ առաջիկայում էլ համաձայնության եզրեր կգտնենք»: Մհեր Շահգելդյանն այսօր նաև բացատրեց, թե ավագանու ցուցակի առաջին տեղն ինչու են վստահել մի թեկնածուի, որի դեմ այժմ քրեական գործ է հարուցվել դաժան ծեծի միջադեպով: Նախ՝ ծեծը դաժան չի եղել ՝ ուղղեց Շահգելդյանը, իսկ, Փելեշյանին, ասաց, վստահել են, քանի որ նրան վանաձորցիները սիրում են: «Այն պարզ պատճառով, որ մշտապես կանգնել է ամենաաղքատ մարդկանց կողքին, օգնել է մանկապարտեզների, ծերերին: Նա անձնավորություն է, որը մշտապես աջակցել է վանաձորցիներին»:
ԲՀԿ-ն նույնպես հայտարարել է, որ Վանաձորի քաղաքապետի ընտրությանը պաշտպանելու է ընդդիմության միասնական թեկնածուին: Խմբակցության մեծամասնական թեկնածու Լյովա Խաչատրյանն վստահեցնում է՝ խոսքի ու գործի մեջ հակասություն չի լինի: «Վստահ եմ, որ մեր երեք անդամները քվեարկության ժամանակ հետևելու են մեր որոշմանը»:
Իսկ թե ինչպես է ԲՀԿ-ն համագործակցելու օրինակ ՕԵԿ-ի այն թեկնածուի հետ, որի անունը ընտրություններից մի քանի օր անց աղմկոտ քրեական գործի հետ կապվեց, պատգամավորն այսպես է պատկերացնում. «Ճիշտ այնպես, ինչպես համագործակցում ենք մնացած բոլոր այն ուժերի հետ, որտեղ նման անձանց պակասություն չի զգացվում: Ունենք այն, ինչ ունենք»:
Ընդդիմադիր ուժերից ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» դուրս են մնացել ՏԻՄ ընտրությունների շուրջ ծավալվող քննարկումներից: Զարուհի Փոստանջյանի կարծիքով, օրինակ, միավորվելու փաստը դրական է, բայց կարևորը քաղաքական օրակարգն է:
ՀԱԿ-ն էլ, Լևոն Զուրաբյանի փոխանցմամբ, իրավիճակին խանդով չի վերաբերվում։ «Ես սիրավեպերին վերագրվող էպիտետներ չէի կիրառի քաղաքականության մեջ: Գյումրիում ու Վանաձորում անցկացված կլանային ընտրություններին մենք մեր գնահատականն արդեն տվել ենք»:
Իսկ իշխող քաղաքական ուժին Վանաձորի ավագանիում փոքրամասնություն դառնալու հեռանկարը չի վախեցնում: Ավելին, Վահրամ Բաղդասարյանն ասում է՝ ողջունում են, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը կարողանում են կոնսենսուսի գալ: «Սա ես համարում եմ լավ քայլ, քանի որ այսքան տարիներ ընդդիմադիր ուժերի միջև համագործակցության մասով ոչինչ չէր ստացվում, իսկ եթե ստացվում էր, կարճ կյանք էր ունենում: Աստված տա, այս համաձայնությունը երկար տևի, որովհետև դրանով հիմք կդրվի քաղաքական դաշտի կայացմանը»:




