Վերլուծական

Ալիեւը վերածվում է բացարձակ միապետի. ինչպես կազդի դա ԼՂ խնդրի վրա

karenghazaryan

Սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում անցկացված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով անցան իշխանությունների նախատեսած բոլոր կետերը: Այսպիսով, հոկտեմբերի 16-ից ուժի մեջ մտնող Սահմանադրությամբ Ադրբեջանում բացարձականացվում են նախագահ Իլհամ Ալիեւի առանց այն էլ լայն լիազորությունները: Ադրբեջանի ընդդիմադիր շրջանակներում համարում են, որ Ալիեւը վերածվում է բացարձակ միապետի: «Ռազմինֆո» լրատվական կայքի ադրբեջաներեն էջի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանի խոսքով՝ թեպետ ընդդիմադիրների այդ բնորոշումը որոշակիորեն չափազանցված է, սակայն իրականում այդպես մտածելու հիմքեր կան: Վերլուծաբանը տեսակետ է նաեւ հայտնել, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ այդ ամենը Ղարաբաղյան հիմնախնդրի տեսանկյունից:

 

Բավականին մանրամասնորեն ներկայացնելով Ադրբեջանի Սահմանադրության փոփոխված դրույթները՝ «Ռազմինֆո» կայքի ադրբեջաներեն էջի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ այդ ամենը, ինչպես պնդում են նաեւ այդ երկրի ընդդիմադիր շրջանակները, ծառայում է մեկ խնդրի՝ «նույն Ալիեւների իշխանության շարունակականությանը այդ երկրում»:

Այսպիսով, անկախ նրանից, որ Ադրբեջանի համար նորություն չէր ընտրախախտումներով ու ընտրակեղծիքներով հանրաքվե անցկացնելը, այդ երկրում ամրապնդվում է Ալիեւների բացարձակ դինաստիան: Ինչ վերաբերում է միջազգային կառույցների արձագանքներին՝ վերլուծաբանը նկատում է, որ հնչեցին միջազգային դիտորդների երկակի ստանդարտներ պարունակող հայտարարություններ: Այն, որ ԵԽԽՎ-ն ու ԺՀՄԻԳ-ը հրաժարվեցին դիտորդական առաքելություններ ուղարկել Ադրբեջան՝ վերլուծաբանն այսպիսի դիտարկում կատարեց. «Չմասնակցելու փաստը, չեմ կարծում, թե Ադրբեջանի վրա առանձնապես մեծ ազդեցություն կունենա՝ չնայած, որ քննադատությունների արժանանում է»:

Եթե հաշվի առնենք, որ Ալիեւն Ադրբեջանում բացարձակ իշխանություն ուներ  նաեւ մինչ սահմանադրական փոփոխություններն էլ, ապա փոփոխություններից հետո էլ այդ երկրում որեւէ փոփոխություն չի լինի՝ կապված Արցախյան խնդրի հետ՝ համոզմունք հայտնեց Տարոն Հովհաննիսյանը: Հարկ չկա նաեւ հիշեցնելու Ալիեւի արկածախնդիր մոտեցումներն այս հարցում:

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի կարծիքով՝ նույնպես Ադրբեջանի պահվածքի մեջ խնդրի հետ կապված արմատական փոփոխություն չի լինելու եւ Ադրբեջանը շարունակելու է մնալ ագրեսիվ ու ապակառուցողական քաղաքականություն իրականացնող երկիր, ինչը բխում է նրա բնույթից: Դավիթ Բաբայանը նկատեց, որ Ալիեւը մի կողմից փորձում է հարատեւ դարձնել իր կլանի կառավարումը, մյուս կողմից չունի լեգիտիմության պաշար, ինչը որոշակիորեն փորձեց ստանալ ապրիլյան պատերազմով, սակայն ձախողվեց։ «Հետեւաբար, մնում է մեկ տարբերակ՝ ուժեղացնել բռնապետական համակարգը ներսում եւ, այս առումով, փորձել ամեն ինչ անել, որպեսզի բնակչության ուշադրությունը շեղի՝ արտաքին թշնամու կերպարն անընդհատ օրակարգի մեջ պահելով»:

Ադրբեջանագետ Տարոնի կարծիքով՝ Ադրբեջանում տնտեսական անկումն ու ռազմական ծախսերի կտրուկ կրճատումը տեւական ժամանակ նրան ետ կպահեն նոր արկածախնդրություններից: «Անկումները եւ պաշտպանական ծախսերի կրճատումը, չեմ կարծում, որ թույլ կտան Ադրբեջանին մոտ ժամանակներս գնալ ինչ-որ արկածախնդիր քայլերի»:

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը համոզված է, որ Ադրբեջանը լավ է հասկանում, որ պատերազմ սկսելու դեպքում կպարտվի եւ Ալիեւը կկորցնի ամեն ինչ: Սակայն ալիեւյան կլանը կշարունակի վարել ահաբեկչական քաղաքականություն՝ սահմաններն անընդհատ լարված պահելով եւ դա համարելով իր համար իշխանությունը պահելու եւ պետության ղեկին մնալու լավագույն տարբերակ:

 

Back to top button