Քաղաքական

ՀՀ հետ ՀՕՊ միավորված համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը Պետդումայի վավերացմանն է ներկայացվել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՌԴ և «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Տեղեկությունն այդ մասին տեղադրված է Պետդումայի տվյալների էլեկտրոնային բազայում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության կատարելագործման նպատակով ստեղծվում է հակաօդային պաշտպանության միավորված (համատեղ, ոչ թե միասնական համակարգ, այսինքն` ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերը պահպանում են իրենց ինքնուրույնությունը) տարածաշրջանային համակարգ: Միայն Հայաստանն է, որ ՌԴ հետ կնքել է ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու վերաբերյալ համաձայնագիր, որպեսզի իր ՀՕՊ զորքերը չտրամադրի այլ պետության ՀՕՊ զորքերի ենթակայության տակ:

Համաձայնագիրը հնարավորություն է տալիս օգտագործել ՌԴ ԶՈՒ օդատիեզերական զորքերի հնարավորությունները` ընդհուպ մինչև միջուկային զենքի կիրառում: ՌԴ ԶՈՒ օդատիեզերական ուժերն ունեն արբանյակային համակարգ, որը ՀՀ տարածքում կարող է օգտագործվել՝ ի շահ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի: Ռուսական կողմն ունի նաև հսկման համակարգեր, որոնք նույնպես կարող են կիրառվել ի շահ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի:

Back to top button