ԿարևորՔաղաքական

Ձեզ վիճակված է դառնալ այս անցումային ժամանակաշրջանի առաջնորդը. ՀՀ նախագահը՝ կառավարության անդամներին (լրացված)

տեղադրվել է ժամը 11։49- ին
լրացվել է ժամթ 18։57- ին

hasmikdilanyan

 Կարեն Կարապետյանի կառավարությունն այսօր ամբողջական կազմով իր առաջին նիստն է անցկացրել: Հիշեցնենք,  կառավարության ձևավորման վերջնաժամկետը հոկտեմբերի 3 էր։ Այդ օրն էլ պաշտպանության նախարար նշանակվեց Վիգեն Սարգսյանը և իր պաշտոնում վերանշանակվեց արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Պետական բարձր  պաշտոններում ծառայության անցնելու համար Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն  այսօր  շնորհավորել է  կառավարության անդամներին՝ գործադիրի շենքում:

«Իմ հորդորն է՝ նվիրվել անմնացորդ: Աշխատանքային հարաբերություններում շատ դժվարություններ կան, բայց եղեք ամուր, հաստատակամ, ինչպես և պայմանավորվել ենք՝ նեղանալ և նեղսրտել չկա: Բոլորս պետք է հասկանանք՝ երբ մենք անցնում ենք պետական ծառայության, ապա միշտ անձնականը պետք է մղվի երկրորդական պլան: Ես վստահ եմ, որ ձեր ընտանիքի անդամներն ու ընկերները այս հանգամանքը կհասկանան»,- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին  հորդորում է չվախենալ հարազատների ու ընկերների՝ «դարձել եք նախարար, մեզ հետ քիչ եք հանդիպում, քիչ եք ուշադրության դարձնում» կշտամբանքներից:

Նվիրվելով աշխատանքին՝ դուք ձեր ուշադրությունը ձեր ընտանիքի և ժողովրդի նկատմամբ կրկնապատկում եք՝ ասում է նախագահը, ով անձամբ էր այցելել գործադիրի շենք՝  պետական ծառայության անցած պաշտոնյաներին շնորհավորելու նպատակով՝ և ոչ միայն: Կառավարման արդյունավետության բարձրացում. նախագահի հանձնարարականը հստակ է:  Սերժ Սարգսյանի խոսքով՝  աշխարհի փորձն է ասում, որ հնարավոր է  և պետք է ավելի լավ, ավելի ռացիոնալ կառավարել համեստ միջոցները ու հասնել անհամեմատ ավելի լավ արդյունքների: Նախագահի կարծիքով՝ մեր հասարակությունն էլ նույն ակնկալիքներն ունի:

«Մեր տնտեսության և հասարակության ներուժն ավելի կազմակերպված և նպատակային աշխատանքի մեջ է: Սահմանադրական բարեփոխումներով մենք սկսել ենք համակարգային փոփոխությունները և այս տեսանկյունից ներկա կառավարությունը լրջագույն դեր է ստանձնում՝ այն է՝  դառնալ այս փոփոխությունների լոկոմոտիվը, շարժիչ ուժն ու իրականացնողը»։

Կառավարման մոդելը հավաքական մտածողության ու հավաքական վերաբերմունքի հարց է լուծում:  Միգուցե մարդիկ ամբողջովին չեն պատկերացնում, թե ինչ մասշտաբներով է փոխելու մեր իրականությունը, բարեփոխումների և նոր կառավարման մոդելի անցման հանգամանքը, ձեզ վիճակված է դառնալ այս անցումային ժամանակաշրջանի առաջնորդը՝ նշեց մեր երկրի առաջնորդը։ «Ես հավատում եմ ձեր ուժերին, հավատում եմ, որ ՀՀ այս կառավարությունը կարող է անել այն, ինչ չի հաջողվել նախկին բոլոր կառավարություններին»,՝ ասաց նախագահը՝ շեշտելով՝ այս աշխատանքում կառավարության անդամները մենակ չեն լինելու»:

Սերժ Սարգսյանը խոստացավ, որ  ներդաշնակորեն գործելու են մեր երկրի բոլոր պետական օղակները, նրանց աջակցելու են, ոգևորելու, սատարելու, քայլելու են նույն ուղղությամբ, բայց շարժիչ ուժը պետք է լինի կառավարությունը, շինարարը պետք է լինի կառավարությունը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նախագահից է  շնորհակալ     վստահության համար: Հավաստիացնում է՝  ամենօրյա աշխատանքով գործադիրն ազդակ է հաղորդելու ՀՀ քաղաքացուն։ «Մեր ծրագրով մենք նշելու ենք այն քայլերը, որոնք ուղղված են լինելու մեր քաղաքացու անվտանգության ապահովմանը, արդար միջավայրում ապրելուն, վաղվա օրվա նկատմամբ հավատ ունենալուն: Մաքսիմալ հետադարձ կապ ենք ունենալու հասարակության հետ, բացատրելու ենք՝, ինչ ենք անում, ինչ նպատակ ունենք, լսելու ենք իրենց ակնկալիքներն ու սպասումները»։

Հանրապետության նախագահն էլ վստահ է՝ դա բերելու է նրան, որ մարտահրավերները կամաց-կամաց տեղի են տալու: «Սրանում ևս համոզված եղեք»,- իր խոսքն ամփոփեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորում է կառավարության որոշումների մի մասի ընդունումը նախարարներին վերապահելու հարցը: Անդրադառնալով պետական կառավարման համակարգի  պարզեցման և բյուջետային ծրագրերի ռազմավարական պլանավորման գործընթացին՝ Կարապետյանը հանձնարարեց հանրապետության գործադիր մարմնի անդամներին տասնօրյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ կառավարության այն որոշումների վերաբերյալ, որոնք նպատակահարմար են ընդունել գործադիր մարմնի ղեկավարի մակարդակով:

Վարչապետը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց ամփոփել ստացված առաջարկությունները և   իրավական ակտերում համապատասխան փոփոխություններ և առաջարկներ ներկայացնել: «Մենք վստահում ենք մեր թիմի անդամներին և ձևակերպվելիք խաղի կանոններին հստակ հետևելու ենք: Չեմ կարծում, որ մենք շատ դեպքեր ենք ունենալու, որ ասենք, որ դուք այդ վստահությունը և խաղի կանոնները խախտում եք»:

Պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի և արդյունավետության բարելավման  խնդիրը կառավարության համար  գերակայություն է համարվում: Հանձնարարականը կրկին վարչապետից է՝  բնակչության ծառայությունները թե ժամանակի, թե տարածության, թե որակի առումով հնարավորինս մատչելի դարձնելու նպատակով պետք է ուսումնասիրել և արդարադատության նախարարություն ներկայացնել գերատեսչությունների կողմից մատուցվող ծառայությունների ցանկը՝ նկարագրելով յուրաքանչյուր ծառայությունների մատուցման գործընթացը և պահանջվող փաստաթղթերը։

Կառավարության այսօրվա նիստում Սուրիկ Խաչատրյանն ազատվեց  Սյունիքի մարզպետի պաշտոնից, նրա փոխարեն այդ պաշտոնը կզբաղեցնի Վահե Հակոբյանը:  ՀՀ վարչապետն արդյունավետ աշխատանք է մաղթում Հակոբյանին՝ հույս ունենալով, որ նոր մարզպետը   նոր մշակույթ կբերի  տարածքային կառավարման մեջ:

Կարդացեք նաև

Back to top button