

ՀՀ կառավարությունը հաստատել է Սյունիքի մարզպետի պաշտոնից Սուրիկ Խաչատրյանին ազատելու որոշումը: Նախագիծը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ ավելացնելով, որ Խաչատրյանն ազատվում է իր դիմումի համաձայն: Լոքյանը ներկայացնում էր Սյունիքի նոր մարզպետի նշակման նախագիծը:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Վահե Հակոբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ»:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին, ով գտնվում էր նիստերի դահլիճում և մաղթեց էֆեկտիվ աշխատանք. «Շնորհավորում եմ և ցանկանում էֆեկտիվ աշխատանք: Մենք հույսեր ենք կապում, որ դուք նոր մշակույթ կբերեք տարածքային կառավարման մեջ»:




