

Ապրիլյան քառօրյա պատերազմը բացասական է ազդել Արցախի տնտեսության վրա: ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանի դիտարկմամբ, ազդեցությունը զգալի է եղել հատկապես զբոսաշրջության վրա: Պատերազմից անմիջապես հետո՝ ապրիլ –մայիս ամիսներին, անկումը կազմել է գրեթե 40 տոկոս: Այնուհետեւ ազդեցությունն սկսել է մեղմվել եւ հետագա ամիսներին նվազումը կազմել է 20 տոկոս:
Արցախ այցելած ամերիկաբնակ Արամն հայերենին լավ չի տիրապետում, բայց արդեն հասցրել է սովորել Արցախի հիմնը: Ասում է, որ Արցախում իրեն շատ ապահով է զգում, այստեղ ապրող մարդիկ շատ հյուրընկալ են, բարի ու նվիրված, իսկ բնությունն ու վանքերը ուղղակի հրաշք են: «Ռադիոլուրին» պատմում է, որ ապրիլյան պատերազմին լուրերը շատ իրարամերժ էին, և իր ընտանիքն անձամբ ցանկացավ լինել Արցախում և իրենց աչքերով տեսնեն այս հրաշք վայրը: Արամն ասում է, որ ապրիլյան պատերազմական լարվածությունը Արցախ այցելելու իր որոշման վրա չի ազդել: Մեր զրույցին միանում են այդ պահին Գանձասար վանական համալիրում գտնվող մի քանի զբոսաշրջիկներ ու սկսում կիսվել իրենց տպավորություններով:
Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն այս տարի կարող էր ավելի մեծ լինել, եթե չլիներ ապրիլյան պատերազմը: ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանն ասում է, որ քառօրյա պատերազմը բացասաբար է ազդել տնտեսության վրա: Նրա դիտարկմամբ, ազդեցությունը մասնավորապես զգալի է եղել զբոսաշրջության ոլորտում: Պատերազմից անմիջապես հետո՝ ապրիլ –մայիս ամիսներին անկումը կազմել է ավելի քան 40 տոկոս: Այնուհետեւ ազդեցությունն սկսել է մեղմվել։ Եթե 2015 թ հունվար- սեպտեմբերին Արցախ այցելել է 16500 զբոսաշրջիկ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այցելողների թիվը եղել է 15 հազար։ Փոխնախարարը սակայն հույս է հայտնում, որ մինչեւ տարեվերջ անկման միտումը կչեզոքացվի:
Հիշեցենք, որ ապրիլյան պատերազմի հետո ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը նախաձեռնեց «Եկ Արցախ» սոցցանցային ֆլեշմոբ։ ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը նշում է, որ այն դրական ազդեցություն ունեցավ զբոսաշրջային ոլորտի վրա:




