Վերլուծական

Իրավիճակը Հալեպում. ինչ նոր զարգացումներ սպասել Մերձավոր Արեւելքում

hasmikmartirosyan

Հալեպում ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ Ռուսաստանի և Վաշինգտոնի գործողությունների շարժառիթները չեն  համընկնում ոչ մարտավարական, ոչ ռազմավարական տեսանկյունից, ինչը կարող է հսկայական հետևանքներ ունենալ ամբողջ Մերձավոր Արևելքի համար: Ինչո՞ւ խախտվեց զինադադարը, հայ համայնքն ինչո՞ւ դուրս չի գալիս պատերազմական գոտուց և ի՞նչ նոր զարգացումներ են սպասվում Հալեպում։

 

Սիրիական խճանկարում գույներն անընդհատ փոխվում են: Վերջին փոփոխությունը պայմանավորված է սեպտեմբերի 9-ին Ժնևում Սիրիայի զինադադարի շուրջ համաձայնության ձեռքբերմամբ, երբ սեպտեմբերի 12-ից հայտարարված մեկշաբաթյա հրադադարը բազմիցս խախտվեց: Ամերիկյան National Interest հանդեսի տվյալներով՝ «եթե Սիրիայի զինադադարը հաջողվեր մեկ շաբաթով երկարաձգել, ապա ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը համատեղ գործողություններ կիրականացնեին Սիրիայում ընդհանուր թշնամու դեմ մղվող պայքարում»՝ ստեղծելով «ընդհանուր գործադիր կենտրոն», որը ամերիկյան եւ ռուսական օդանավեր կուղարկեր «Իսլամական պետության» և «Ան-Նուսրա ճակատի» դեմ:

Կանխատեսումներն ապարդյուն էին։ Արաբագետ Հայկ Քոչարյանը փաստում է՝ Դեր Զորում ԱՄՆ գլխավորած կոալիցիոն ուժերի կողմից Սիրիայի կառավարական ուժերի դեմ ռմբակոծությունը Ասադի կողմից ընկալվեց որպես բացահայտ ագրեսիա, այն հանգեցրեց՝ երկուստեք մեղադրանքների, զոհերի ու անորոշության: «Այսօր սրացումն ակնհայտ երևում է Հալեպի արևելյան շրջաններում, որտեղ կառավարական ուժերը փորձում են վերականգնել վերահսկողությունը»։ Սստեղծված իրավիճակի կապակցությամբ իր մտավախությունն է հայտնում արաբագետը: «Մեծ խնդիրը սիրիական ճգնաժամում երկու տարբեր բևեռներ ներկայացնող ուժերն են, որոնք իրնեց վերահսկողության ներքո գտնվող սիրիական ուժերին վստահեցնում են, թե իրենք են հարց լուծողները։ Քանի դեռ այս վիճակը շարունակվում է՝ կտեսնենք նոր խորացումներ»:

Հայկ Քոչարյանը Ռուսաստանի նկատմամբ տնտեսական նոր պատժամիջոցների սահմանում առայժմ չի կանխատեսում, հակառակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այն հայտարարությանը, որ Վաշինգտոնը մոտ է Սիրիայի հարցում Ռուսաստանի հետ ցանկացած բանակցությունների դադարեցմանը, քանի որ կառավարական և ռուսական ուժերի հարձակումների պայմաններում անհնար է ինչ-որ բան քննարկել, պետք է գտնել այլընտրանքային մոտեցում: Այլընտրանքային մոտեցման քննարկում եւս առայժմ սառեցված է՝ ըստ արաբագետի։ Հայ Քոչարյանը սա բացատրում է ԱՄՆ ներքին խնդիրներով, ինչից օգտվելով՝ մյուս ուժերը Սիրիայում փորձում են ամրապնդել իրենց դիրքերը։ Այս հանգամանքն ավելի բարենպաստ է Բաշար ալ-Ասադի և  Ռուսաստան համար։

Բանախոսը նշում է, որ Հալեպի արևելյան շրջաններում հումանիտար աղետը նույնպես անխուսափելի է՝ չկան տարրական կենցաղային պայմանները: Այս օրերին ամենահաճախը ռմբակոծվում են Հալեպի հայկական թաղամասերը նաեւ։ Տիրող իրավիճակն անհանգստացնում է նաև մեզ՝ հայերիս, քանի որ մեր ազգակիցներից շատերը դեռ այնտեղ են։ Պարբերաբար լուրեր են տարածվում նոր զոհերի մասին: Ինչո՞ւ նրանք դուրս չեն գալիս պատերազմական գոտուց. արաբագետը նշում է՝ հայերն իրենք չեն ցանկանում լքել տները:

Իրավիճակից օգտվել և ավելի ակտիվ գործողությունների է անցել «Իսլամական պետություն» խմբավորումը: ՄԱԿ-ում ՌԴ  ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն օրերս հայտարարել էր, որ իսլամիստները մոտ 200 հազար հալեպցիների օգտագործում են իբրև «կենդանի վահան», և ռուսական օդուժը հասցնում է միայն ուղղորդված հարվածներ: Սիրիայի կառավարության ներկայացուցիչն էլ Արևմուտքին մեղադրել է ահաբեկիչներին աջակցելու մեջ՝ ավելացնելով, թե ռուս-սիրիական ուժերն այլևս միակողմանի հրադադար չեն պահպանի:

Back to top button