Մշակույթ

Ա, Խանջյան. Շատ կարեւոր էր «Հոգիների աճուրդը» ներկայացնել Գերմանիայում

arminegevorgyan

Երևանում շարունակվում է ամենամյա «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնը, որի շրջանակներում այսօր  կկայանա Արսինե Խանջյանի «Հոգիների աճուրդ» ներկայացումը։ Այն  պատմում է Հայոց ցեղասպանություն վերապրած Ավրորա Մարտիգանյանի ճակատագրի մասին: Ներկայացումը պատրաստվել է Բեռլինում երեք շաբաթում, հանդես են գալիս «Մաքսիմ Գորկի»  թատրոնի դերասանները: Պիեսը բեմադրելու առաջարկություն Արսինե Խանջյանը ստացել է թատրոնի տնօրենից:

 

«Հոգիների աճուրդ» բեմադրությունը պատմում է Հայոց ցեղասպանությունը վերապրած-ականատես Ավրորա Մարդիգանյանի ճակատագրի մասին: Ավրորայի գլխավոր դերակատարմամբ 1919 թ. նկարահանված ֆիլմի առանձին դրվագներ են միայն պահպանվել։ Պատճենները եւս  անհայտացել են, իսկ Ավրորան մահացել է 92 տարեկանում Լոս Անջելեսում՝ մոռացված ու աղքատ։ Արսինե  Խանջյանը փորձել է վերակառուցել պատմությունը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ կանադահայ դերասանուհին այսօր խոսելով իր ներկայացման մասին՝ նշեց, որ պարզապես  ցանկություն է    ունեցավ հավերժացնելու Մարդիգանյանի հիշատակը:

Արսինե Խանջյանը նշեց, որ նախագծի նյութը հենց Մարտիկանյանի կյանքն ու գործունեությունն է, այն, թե ինչպես մեկ վերապրողի պատմությունը դարձել ողջ հայ ժողովրդի ճակատագրի պատմություն: Բեմադրությունը Գերմանիայում արդեն երկու անգամ ներկայացվել է՝ անգլերենով և գերմաներենով: Դերասանուհի Էլմիրա Վահրամին, ով ներկայացնում է  Ցեղասպանությունից փրկված Ավրորա Մարդիգանյանին, ասում է, որ շատ կարևոր էր այս պատմության ներկայացումը հենց Գերմանիայում:

Իսկ  Գերմանիայում ծնված թուրք դերասան Թաներ Շահին նկատում է, որ այս  ներկայացումով  ցանկանում է ինչ –որ ձեւով պատասխան տալ իր նախնիների կատարած ոճրագործության համար: Ի դեպ՝ դերասանը  այցելել է նաև   Հայոց ցեղասպանության թանգարան  և  ասուլիսին դժվարանում էր բառերով նկարագրել իր տեսածն ու զգացածը: «Հույս ունեմ, որ մի օր այս ներկայացումը կբեմադրվի Թուրքիայում։ Իմանալով, թե Թուրքիայում ինչպես են վերաբերում այս պատմությունը՝ հերքում են, չեն ընդունում, մերժում են,  իբրև դերասան իմ ջանքերն եմ  ներդնում ներկայացման միջոցով իմ ազգակիցների կեցվածքը փոխելու համար»,- ասում է։

Բեմադրիչ Արսինե Խանջյանը նշեց  նաև, որ գերմանական «Մաքսիմ Գորկի» թատրոնի տնօրենը նույնպես ցանկություն ուներ, որպեսզի այն ցուցադրվեր Թուրքիայում, սակայն հուլիսի 16-ին Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո հավանաբար արգելքներ կլինեն:

Back to top button