ԿարևորՏնտեսական

ԿԲ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը կառավարության փոփոխության հետ կապ չունի

karenghazaryan

Սեպտեմբերի 27-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցնել 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.75 տոկոս: ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանն այսօր շեշտել է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը պայմանավորված է զուտ տնտեսական իրավիճակով եւ ամենեւին կապ չունի կառավարության փոփոխության հետ, ինչպես երբեմն մեկնաբանվում է ԿԲ-ի տվյալ քայլը:

 

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն արդեն իջեցնում է 9-րդ անգամ: Վերջին անգամ 0.5 տոկոսային կետով այն իջեցվել է մայիսին՝ հիշեցրեց Կենտրոնական դրամատան դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանը: Նա վստահեցրեց, որ նման քաղաքականության տրամաբանությունը հիմնված է տվյալների վրա՝ հակադարձելով այն մեկնաբանություններին, թե՝ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցնում է կառավարությանն աջակցելու նպատակով: «Ամսի 20-ին մենք ականատես եղանք ԱՎԾ-ի արդեն նոր տվյալների եւ այստեղ, հավատացնում եմ  ձեզ, որ նման տրամաբանություն չկա: Չնայած՝ մենք պատկերացնում էինք, որ այս որոշումը կարող է նման մեկնաբանությունների առիթ տալ»։

Մինչդեռ, օգոստոսին արձանագրվել է 0.5 տոկոս գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.1 տոկոսի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է՝ ամսվա վերջում կազմելով -1.9 տոկոս՝ պարզաբանեց Վահագն Գրիգորյանը: Նրա փոխանցմամբ՝ ԿԲ գնահատումների համաձայն՝ գնանկումային ցածր մակարդակը կպահպանվի նաեւ սեպտեմբերին, որից հետո մինչեւ տարեվերջ այն զգալիորեն կմեղմվի: «Գնաճի նպատակը 4 տոկոսն է, եւ ԿԲ-ն, ըստ էության, տեսնում է, որ նպատակահարմար է գնաճի նպատակին վերադառնալ աստիճանաբար, քանի որ ներկա իրավիճակում ավելի արագ գնաճ ստեղծելը հասարակության համար օպտիմալ չէ եւ նպատակահարմար չէ»։

Մանրամասն ներկայացնելով համակարգի ընդհանուր զարգացումներն ու միտումները՝ ԿԲ Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանն ու ԿԲ ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը վստահեցրին, որ տարեվերջին կունենանք ավելի կայուն ֆինանսական համակարգ, որին կնպաստի նաեւ բանկերի դեռեւս ընթացող խոշորացումը:

 

Back to top button