Մշակույթ

Հայ գերմանական համատեղ համերգը՝ Արամ Խաչատրյանի համերգասրահում

alisagevorgyan

Հայ- գերմանական մշակութային օրերի շրջանակում երկու երկրների արտաքին գործերի  նախարարների հովանու ներքո Արամ Խաչատրյան համերգասրահում հոկտեմբերի 3-ին  կկայանա գերմանական Յենա  քաղաքի և Հայաստանի  ֆիլհարմոնիկ նվագախմբերի  համատեղ համերգը՝ նվիրված Գերմանիայի վերամիավորմանն ու Հայաստանի անկախության 25-ամյակին: Այդ առիթով Հայաստանում է  Յենայի քաղաքապետ  Ալբրեխտ  Շրյոթերի  գլխավորած պատվիրակությունը: Նշենք, որ գերմանացի  երաժիշտները  վարպետության դասեր կանցկացնեն Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և վերջինի  Գյումրու մասնաճյուղում: Այցի շրջանակում Յենայի պաշտոնական պատվիրակությունը  հանդիպումներ կունենա  Ամենայն հայոց կաթողիկոսի,  Երևանի և Գյումրու քաղաքապետերի հետ: Գերմանացի հյուրերը կայցելեն  Մատենադարան,  պատմա-ճարտարապետական մի շարք հուշարձաններ:

 

Գերմանական Յենա  քաղաքի և Հայաստանի  ֆիլհարմոնիկ նվագախմբերի  համատեղ համերգը, նվիրված Գերմանիայի վերամիավորմանը, կկայանա հոկտեմբերի 3-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում: Մշակութային մեծ իրադարձություն, որի գաղափարը ծնվել էր  Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով Յենայում տեղի ունեցած հայ-գերմանական համատեղ համերգի ժամանակ:

Առաջիկա միջոցառման վերաբերյալ լրագրողների հետ հանդիպմանը բանախոսների մեկնաբանությունները հակիրճ էին, բայց՝ խոսուն: Փոխարենը գերմանացի հյուրերն այսօր բավականին շռայլ էին  Հայաստանի ու հայ մշակույթի վերաբերյալ իրենց գնահատականներում:  Յենայի քաղաքապետ  Ալբրեխտ  Շրյոթերն ասաց, որ հայաստանյան իր այցը պայմանավորված է երկու չափազանց կարևոր շարժառիթներով՝ մեղքի զգացումն ու բաց սիրտը հայեր հանդեպ։

«Աստվածաբանականում ուսումնառության տարիներին բախտ եմ ունեցել շփվել  երկու հրաշալի հայագետների հետ, ովքեր էլ ինձ ծանոթացրել են հայ  մշակույթին, պատմությանն ու եկեղեցուն՝ առաջացնելով մեծ հետաքրքրություն ձեր երկրի ու ժողովրդի հանդեպ»,- ասում է Յենայի քաղաքապետը: Նրա  ընտանիքը 88-ի երկրաշարժից հետո հյուրընկալել է աղետից տուժած հայերի, կազմակերպել և օգնություն են ուղարկել Գյումրի: «Հայաստանն իմ սրտում է, Հայաստանը մենակ չէ»,- գերմանացի հյուրն իր խոսքն ավարտում է հենց այսպես:

Հայաստանի պատմությանն ու մշակույթին, ինչպես պարզվեց, քաջատեղյակ էր  նաև հայ-գերմանական համերգային նախագծի հեղինակ  Կլաուս Գալասը: «Ալան Հովհաննես, Արամ Խաչատուրյան,  Շառլ Ազնավուր, Կոմիտաս: Իմ շրջապատում շատ են հայերը, ուստի ծանոթ եմ այս անուններին, հայ երաժշտությանը»,- ասաց Յենայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Մարկ Տարդուեն, ում բնորոշմամբ երաժշտությունն այն լեզուն է, որը չունի թարգմանության կարիք և միավորում է բոլոր ազգերին:

Հավելեմ, որ հայ –գերմանական  մշակութային կապերի  զարգացման գործում  ունեցած ավանդի համար  Յենայի քաղաքապետն այսօր մշակույթի նախարարությունից հեռացավ  նախարարության ոսկե մեդալով, գեմանացի մյուս հյուրերը՝ պատվոգրերով։

Back to top button