Հասարակություն

Սրտաբանության բնագավառում Հայաստանն աշխարհից ետ չի մնում,Գիտաժողով ԳԱԱ-ում

karenghazaryan
ԳԱԱ-ում այսօր մեկնարկել է Լեւոն Հովհաննիսյանի անվան սրտաբանական ինստիտուտի հիմնադրման 55-ամյակին նվիրված հոբելյանական երկօրյա գիտաժողովը: Գիտաժողովի քննարկումներում ի մի են բերվելու 55 տարիների ձեռքբերումները, հիշվելու են այն երախտավորները, ովքեր իրենց ներդրումն են ունեցել ինստիտուտի հիմնադրման-զարգացման գործում: Գիտաժողովում նաեւ անդրադարձ է կատարկելու այն առաջնահերթ խնդիրներին, որոնք առնչվում են ազգաբնակչության առողջությանը: Զեկույցներ կունենան նաեւ արտասահմանյան երկրներից ժամանած հայտնի սրտաբաններ, այդ թվում՝ Ռուսաստանի ակադեմիայի ակադեմիկոս, հռչակավոր սրտաբան, մեր հայրենակից Բագրատ Ալեքյանը: Գիտաժողովի մասնակիցներին ողջույնի ուղերձ է հղել նախագահ Սերժ Սարգսյանը:

 

 

Սիրտ-անոթային հիվանդությունները շարունակում են մնալ հաշմանդամության ու մահացության հիմնական պատճառն ամբողջ աշխարհում: Սրտաբանների աշխատանքը չափազանց կարեւոր է, իսկ Սրտաբանական ինստիտուտի հետագա արդիականացումը՝ ժամանակի հրամայական: Այս մասին Սրտաբանական ինստիտուտի հոբելյանի առթիվ հղած շնորհավորական ուղերձում նշել է նախագահ Սերժ Սարգսյանը: Ուղերձն ընթերցեց նախագահի օգնական Մարտին Զախարյանը:

«Ձեր ինստիտուտը նաեւ կադրերի դպրոց է, որը Հայաստանին եւ Արցախին տալիս է բազում որակյալ մասնագետներ: Ինստիտուտում իրականացվող գիտական հետազոտությունները եւ աշխատանքները ճանաչում են ստացել նաեւ հանրապետությունից դուրս: Գիտաժողովի ներկայացուցչական կազմը դրա վառ ապացույցն է»:

Ուղերձում երկրի ղեկավարը սրտաբանական ինստիտուտի զարգացումները գնահատել է որպես տպավորիչ, կարեւորել բնակչության համար անվճար ստենդավորման պետական ծրագրի ներդրումը, որն հաջողությամբ է ընթանում եւ որի շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել: Պետության ջանքերով հնարավոր եղավ նաեւ զգալիորեն նվազեցնել սրտի կարեւորագույն վիրահատությունների ինքնարժեքը: Այն զգալիորեն բարձրացրել է որակյալ բուժօգնության հասանելիությունը քաղաքացիների համար՝ ուղերձում նշել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Անկախության 25-ամյակի առթիվ Հայաստանում սրտաբանական վիրաբուժության զարգացման գործում ներդրած ավանդի համար այսօր նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ռուսաստանի ակադեմիկոս, մեր հայրենակից Բագրատ Ալեքյանը պարգեւատրվեց «Հայրենիքին մատուցված ծառայությունների համար. 2-րդ աստիճանի շքանշանով»:

«Ինձ համար սա, իսկապես, մեծ պատիվ է: Ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել որոշ չափով մասնակցելու Հայաստանում իրականացվող մեծ ծրագրերին՝ բուժելով հիվանդներին»:

Ոլորտում աչքի ընկած մի շարք մասնագետներ էլ պարգեւատրվեցին Երեւանի քաղաքապետարանի կողմից: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հավատում է  ինստիտուտի զարգացման ու արդիականացման հեռանկարներին ու նպատակներին.

«Համոզված եմ, որ այդ նպատակներին մենք հասնելու ենք միասին: Վստահեցնում եմ, որ քաղաքապետարանը միշտ լինելու է ինստիտուտի կողքին»:

55 տարին քիչ ժամանակահատված չէ: Այդ ընթացքում եղել են զգալի հաջողություններ, որոնք հանրահայտ են դարձել նաեւ Հայաստանի սահմաններից դուրս՝ նկատեց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

«Ներդրվել են առողջապահության ասպարեզում ձեռք բերված գիտական արդյունքները՝ տարբեր սրտանոթային հիվանդությունների բուժման կապակցությամբ: Այսինքն, ոչ միայն տեսական, այլ նաեւ, գիտական լեզվով ասած, կիրառական բնույթի հսկայական ծավալի աշխատանքներ են կատարված»:

Սրտաբանական ինստիտուտի 55-ամյակը շնորհավորելու էր եկել նաեւ առողջապահության նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանը: Ի պատասխան հարցի, թե ոլորտում ի՞նչ ծրագրեր ունի՝ նախարարը նախ հիշեցրեց, որ իր աշխատանքային 4 օրն է ընդամենը, ուստի՝ դեռեւս պատրաստ չէ խոսելու սրտաբանական ոլորտում իրականացնելիք ծրագրերի մասին, ապա հավելեց.

«Եկել եմ խորհրդակցելու սրտաբան կոլեգաների հետ, այդ թվում՝ արտասահմանից եկած, եւ մենք միասին, միասնական ուժերով ինչ-որ մի ծրագիր կներկայացնենք առաջիկայում»:

Ժամանակն ընթանում է, կյանքը զարգանում է, ամեն ինչ բարելավվում. իհարկե, նախկին եղածներին ինչ-որ մի բան կավելանա՝ վստահեցրեց առողջապահության նախարարը:

Կարդացեք նաև

Back to top button