
տեղադրվել է ժամը 13։48- ին
լրացվել է ժամը 19։31- ին

Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը: Այսօր կազմակերպվել են երեկ քննարկված բոլոր օրինագծերի քվեարկությունները: Ձայների 76 կողմ, 10 դեմ 6 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվել է կառավարության կառուցվածքում փոփոխություն նախատաեսող օրինագիծը: Երկրորդ ընթարցմամբ ընդունվել է նաև վիճահարույց հարկային օրենսգիրքը : Կողմ են քվեարկել միայն Հանրապետական ու Դաշնակցություն խմբակցությունները: Ընդդիմադիրները խոսել են իրենց մտահգություններից, հորդորել հետաձգել քվեարկությունը: Խորհրդարանական մեծամասնությունը հակադարձել է՝ Հարկայինը ընտրականից հետո ամենաշատ քննարկված նախագիծն է:
Կառավարությունը փոխվել է, բայց ձեռագիրը նույնն է մնացել՝ Հարկային օրենսգրքի քվեարկությունից և ՕԵԿ-ի դեմ կողմնորոշման մասին հայտարարելուց առաջ արձանագրեց խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Խորհրդարանին նաև հիշեցրեց՝ հաստափոր նախագիծը երեկ քննարկվել է կիսադատարկ դահլիճում:
«Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյանը նույնպես համոզված է, որ փաստաթուղթը համակարգաստեղծ նշանակություն ունի և պատասխանատու մոտեցում է պահանջում: Նա էլ խորհրադարանական մեծամասնությանն այլ բան հիշեցրեց, «Պատահական չէ, որ երեկ ՀՀԿ-ականներից ոչ ոք ելույթ չունեցավ՝ ի պաշտպանություն նոր Հարկային օրենսգրքի, բացի փոխխոսնակից, որի խոսքն էլ քաղաքական էր, թիմի պատիվը պահելու համար, բայց ըստ էության ասվում էր, որ ստիպված ենք ընդունել»:
Փաստաթուղթն ընդունվում է՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, այս լրացումն էլ արեց ԲՀԿ խմբակցության ղեկավարը և ԱԺ նախագահին հորդորեց հետաձգել քվեարկությունը: « Չի կարելի խաղի այնպիսի կանոններ սահմանել, որոնք ուղղակի կործանելու են փոքր ու միջին բիզնեսը»:
Հենց այս կետում ընդդիմադիրների գրոհին որոշեց դիմադրել խորհրդարանական մեծամասնությունը: « Մեկ- մեկ որ առանց շունչ քաշելու խոսում են …Փոքր ու միջին բիզնեսին վերաբերող առաջարկների մեծ մասն ընդունվել է: Խոսելուց բացի նաև առաջարկներ են պետք»,- տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ոչ լիարժեք քննարկումից դժգոհողներին նաև թվեր հիշեցրեց ՝միայն վերջին 2 ամիսների ընթացքում Հարկային օրենսգրքի նախագիծը քննարկվել է 25 անգամ, արվել է 300 առաջարկ, որոնց գերակշիռ մասն ընդունվել է:
Խոսրով Հարությունյանն էլ վստահեցրեց, որ հարկայինը ընտրականից հետո խորհրդարանում ամենաքննարկված փաստաթուղթն է ու տեղին չէ ընդդիմադիրների այն քննադատությունը, թե փոփոխություններին քիչ ժամանակ է հատկացվել :
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասրայանն էլ արձագանքեց հանրապետական պատգամվերների քիչ ելույնթերի թեմային: «Մենք դահլիճում նկարվելու համար ելույթներ չենք ունենում: ՀՀԿ-ն լիարժեք կողմ է այս փաթեթին»:
Մեծամասնության հիմնավորումները,մ միևնույնն է չհամոզեցին Հրանտ Բագրատյանին: «Նախագծով մենք փոքր ու միջին բիզնեսին վատ վիճակի մեջ ենք գցում,, դա անառարկելի է և ցավալի»:
Հարկային օրենսգիրքը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց ձայների 79 կողմ, 24 դեմ , 1 ձեռնպահ հարաբերակցությամբ: Նախագիծը , հիշեցնենք, առաջինից երկորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում էականորեն փոփոխովել է: Հիմնական փոփոխությունը, որ կատարվել է վերաբերում է եկամտային հարկի դրույքաչափերին ու նվազագույն շեմերին:
Լրամշակված տարբերակով, մասնավորապես առաջարկում են եկամտային հարկի հետևյալ դրույքաչափերը ՝մինչև 150 հազար դրամ աշխատավարձի դեպքում` 23%, , 150000 դրամից մինչև 2 մլն դրամ` 28%, դրանից ավելիի դեպքում՝ 36%։ Այսինքն, նվազագույն առաջին շեմը 120 հազարից բարձրացվել է 150 հազար դրամ, երկրորդ շեմը 1 մլն դրամից դարձել է 2 մլն դրամ, իսկ 2 մլն դրամից ավելի աշխատավարձի դեպքում դրույքաչափը 33%-ի փոխարեն դարձել է 36%։




