Հասարակություն

Հեռուստա եւ համացանցային գովազդի շուկայում կան գերակշիռ դիրք ունեցողներ

sonahakobyan

Հայաստանի մեդիագովազդի շուկայի կառուցվածքի  վերաբերյալ հետազոտությունը ցույց է տվել, որ հեռուստատեսային և համացանցային գովազդի շուկաներում կան գերակշիռ դիրք ունեցող ընկերություններ: Հետազոտությունը նաև պարզել է, որ, ի տարբերություն  հեռուստատեսային և համացանցային գովազդի շուկաների, ռադիոգովազդի շուկայում գերակշիռ դիրք ունեցող մասնակիցներ չկան: Ներկայացնելով մեդիագովազդի շուկային վերաբերող զեկույցը՝ Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը նշել է, որ զեկույցում նաև առաջարկվել են իրավիճակից դուրս գալու ելքեր: Հետազոտության արդյունքում մշակված առաջարկությունները ներկայացրել է ՏՄՊՊՀ իրավաբանական վարչության վարչական վարույթի բաժնի պետ Արսեն Հովհաննիսյանը:

 

Գաղտնիք չէ, որ լրատվամիջոցների ֆինանսավորման հիմնական աղբյուրը գովազդն է: Պարզելու համար, թե արդյոք լրատվամիջոցների գովազդային շուկաները խաղի կանոններով են գործում, թե մոնոպոլիզացված են, որոշվեց մասնագիտական ուսումնասիրություն իրականացնել հեռուստատեսային, համացանցային և ռադիոգովազդի շուկաներում, «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Այսպիսով, ուսումնասիրելով հեռուստատեսային, ռադիո և համացանցային լրատվամիջոցների գովազդային շուկաները և կառուցվածքային առանձնահատկությունները, Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնը պարզել է, որ հեռուստատեսային և համացանցային գովազդի շուկաներում կան գերակշիռ դիրք ունեցող ընկերություններ։

Ընդ որում, հեռուստատեսային շուկայում գերակշիռ դիրք ունեցող մասնակիցներ կան և վաճառողի, և գնորդի շուկաներում: Հետազոտությունը նաև պարզել է, որ ի տարբերություն  հեռուստատեսային և համացանցային գովազդի շուկաների՝ ռադիոգովազդի շուկայում չկան գերակշիռ դիրք ունեցող մասնակիցներ:  Հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ ուսումնասիրությունը կատարվել է սույն թվականի հունվարից-մայիս ընկած ժամանակահատվածում:

«Մշակվել են նաև առաջարկներ, թե ինչպես կարելի է այս իրավիճակից դուրս գալ: Առաջարկների թվում է գովազդային գործակալությունների ասոցիացիայի ստեղծումը, չափումներ իրականացնող կազմակերպությունների աուդիտը և վերափոխումը»,- ասում է։

Այսպիսով՝ հիմք ընդունելով նշված հետազոտության արդյունքները՝   Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնը հեռուստատեսային և համացանցային շուկաներում տիրող մենաշնորհային իրավիճակի վերաբերյալ դիմել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, որպեսզի հանձնաժողովն էլ իր հերթին քննություն իրականացնի և համապատասխան միջոցառումներ ձեռնարկի:

Հետազոտության արդյունքում մշակվել են առաջարկություններ, որոնք էլ ներկայացրեց հանձնաժողովի իրավաբանական վարչության վարչական վարույթի բաժնի պետ Արսեն Հովհաննիսյանը: «Առաջարկությունները վերաբերում են «Գովազդի մասին» ՀՀ օրենքին և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերին: Բացի այդ՝ գովազդի ընթացքում տնտեսվարող սուբյեկտների կողմից այլ տնտեսվարող սուբյեկտների ապրանքների, ծառայությունների հետ անհարկի համեմատությունները գովազդման ընթացքում ևս կդիտարկվեն անբարեխիղճ մրցակցության գործողություն և կառաջացնեն օրենքով նախատեսված համապատասխան բացասական հետևանքներ պատասխանատվության տեսքով»։

Առաջարկվում է օրենսդրորեն կարգավորել նաև լրատվական կայքերի գործունեությունը, ինչը հնարավորություն կտա հստակեցնել նրանց գովազդային մուտքերն ու ֆինանսական գործունեությունը:

Back to top button