Միջազգային

Վերջին հրաժեշտ՝ Շիմոն Պերեսին

peres1Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի մարմինը տարել են Երուսաղեմ՝ խորհրդարան, որտեղ օրվա ընթացքում հազարավոր իսրայելցիներ կգնան Պերեսին վերջին հրաժեշտը տալու: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը կյանքից հեռացել է սեպտեմբերի 28-ին՝ Թել Ավիվում, 93 տարեկանում։ Ազգային դրոշով ծածկված փակ դագաղը տարել են միկրոավտոբուսով՝ ոստիկանական մեքենաների և մոտոցիկլավարների ուղեկցությամբ: Նրան դրել են սև պատվանդանի վրա հրապարակում՝ Կնեսետի շենքի մոտ, որտեղ հերթապահում է խորհրդարանի անվտանգության աշխատակիցների պատվո պահակախումբը:

Առաջին ծաղկեպսակները դրել են Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, վարչապետ Բենիամին Նեթանյահուն, խորհրդարանի խոսնակ Յուլի Էդելշտեյնը: Հաջորդ 12 ժամվա ընթացքում Պերեսին կկարողանան հրաժեշտ տալ բոլոր ցանկացողները:

Հուղարկավորությունը տեղի կունենա ուրբաթ, ազգային գերեզմանատանը՝ Երուսաղեմում տասնյակ օտարերկրյա պատվիրակությունների մասնակցությամբ: Իսրայելում սպասում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկին, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային, Ուելսի արքայազն Չարլզին, ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնին և այլոց:

Back to top button