Հասարակություն

Հաստատվել է ՀՀ ՄԻՊ առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի գործունեության կարգը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2016 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ ստեղծվել է Պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհուրդ նոր կազմով: Այն կազմված է խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտի հասարակական կազմակերպությունների փորձառու ներկայացուցիչներից և անկախ մասնագետներից (սոցիոլոգ, հոգեբան, բժիշկ և այլն):

Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։

Խորհուրդը ստեղծվում է՝ հիմք ընդունելով այն, որ Պաշտպանը «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածի համաձայն ճանաչվել է «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայի կամընտիր արձանագրությամբ սահմանված կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ: Դրանից բացի, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքը հնարավորություն է տալիս Պաշտպանին պատվիրակելու որոշակի ծավալով լիազորություններ փորձագիտական խորհրդի անդամներին:

Խորհրդի նպատակն է աջակցել Պաշտպանին վեր հանելու ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին առնչվող խնդիրները և ներկայացնելու դրանց լուծմանն ուղղված առաջարկներ, այդ թվում՝ օրենսդրական համապատասխան ակտերի հետ համադրված վերլուծությունների հիման վրա:

Խորհրդի հիմնական գործառույթն ազատությունից զրկման վայրերի մոնիթորինգն է, որը պետք է իրականացվի այդ վայրեր պարբերական այցերի միջոցով:

Back to top button