

Որքան մոտենում է նախընտրական շրջանն, այնքան արդիական է դառնում «հաճախորդների» մասին խոսելը, եւ դա սովորաբար արվում է խորհրդարանում: Ի վերջո ովքեր են այդ «հաճախորդները» եւ ուր են հաճախում: «Ռադիոլուր»-ի հարցախույզը Աժ միջանքցներում նույնիսկ անակնկալ իրողություններ բացահայտեց:
Ընդդիմության դաշտում ով է ավելի ընդդիմադիր կամ ավելի հստակ՝ ով է իրական ընդդիմությունը: Այս հարցով լուրջ առճակատում վերջերս գրանցվեց Աժ-ի պատգամավորներ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանի եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր Էդմոն Մարուքյանի միջեւ: Երկու կուսակցություններն էլ ստեղծվել են բառացիորեն վերջերս:
Քաղաքական ուժերի ղեկավարների միջեւ հեռակա բանավեճ էր: Յուրաքանչյուրը պնդում էր, թե ինքն է իրական ընդդիմությունը՝ մյուսին մեղադրելով իշխանության կամակատարը լինելու մեջ։ Իրավիճակը շտկեց պատգամավոր Թեւան Պողոսյանը՝ գործընկերներին հրավիրելով իր տուն ընթրիքի, որն էլ, ինչպես ընդունված է ասել՝ անցել է բարեկամական եւ ջերմ մթնոլորտում: Այս միջադեպն առայժմ լուծված կարելի է համարել:
Բայց սա ոչ առաջին, ոչ էլ թերեւս վերջին դեպքն է, երբ ընդդիմադիրները հարցեր են պարզաբանում եւ հիմնականում օգտագործում են «հաճախորդ» ձեւակերպումը: Ի վերջո, ովքեր են այդ «հաճախորդները» եւ ուր են հաճախում: ՀԱԿ խմբակցությունից պատգամավոր, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը «Ռադիոլուր»-ի հետ հիշեց՝ իրեն էլ են ուղղել այդ մեղադրանքները՝ նշելով կոնկրետ հասցե՝ Բաղրամյան 26:
Առանց կոնկրետ հասցեի եւ ապացույցների, բայց որոշակի կասկածանքով երբեմն նշվում է նաեւ նորաստեղծ «Ալյանս» կուսակցության ղեկավար, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի անունը:
Ընդդիմադիր գործիչներն ընդունում են՝ ընդդիմադիր դաշտը այքան էլ փոքր չէ, որ իրար մեղադրելով ճանապարհ հարթեն: Բայց կա այն, ինչ կա: Բարգավաճ Հայաստան կուսակցությունից պատգամավոր Միքայել Մելքումյանը նշում է. «Լավ օրից չի, որ առաջ է եկել «հաճախորդ» ձեւակերպումը»: Որքանով է անկեղծ դժվար է ասել, բայց առաջին անգամ է լսում, որ այդ ձեւակերպումն օգտագործվել է նաեւ իր կուսակցության հասցեին:
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանի համոզմամբ՝ քննարկվող հարցն ունի նաեւ գիտական հիմքեր, ուստի իրավիճակը փորձեց վերլուծել նաեւ այդ դիտանկյունից:
Պատգամավորները այսօր պնդում են, որ միմայնց պիտակավորելու գործելաոճն ընդունելի չէ իրենց համար, բայց թե անընդունելիի չափը կզգացվի եւ կերեւա շուտով՝ 2017-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլում:




